‘
Սիրիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենում արդեն երեք տարի չդադարող արյունալի քաղաքացիական պատերազմի պայմաններում:
Սիրիայի ընդդիմությունը, օգտվելով Արևմուտքի աջակցությունից, այս ընտրություններն անվանել է խեղաթյուրում ու կոչ է արել բոյկոտել դրանք: Քվեարկությունը տեղի է ունենում միայն այն շրջաններում, որոնք գտնվում են կառավարական զորքերի վերահսկողության տակ:
Հիսուն տարվա ընթացքում՝ առաջին անգամ, պետության ղեկավարի պաշտոնի համար, Ասադների ընտանիքի հետ մեկտեղ, պայքարում են կառավարության հավանությանն արժանացած ևս երկու թեկնածուներ, թեպետ քչերն են կասկածում երկրի ներկայիս ղեկավար Բաշար Ասադի հաղթանակին:
Հաղթանակի դեպքում Ասադը նախագահի պաշտոնը կստանձնի երրորդ անգամ անընդմեջ: Սիրիայի նախագահի լիազորությունների ժամկետը 7 տարի է: Դիտորդների կարծիքով՝ Սիրիայի կառավարությունը փորձում է այս ընտրությունները ներկայացնել որպես ճգնաժամից դուրս գալու միջոց:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին այս ընտրություններն անվանել է ֆարս: Փոխանցում է BBC-ն:
‘