‘Գալուստ Սահակյանի ընտանիքը գիծ ունի, և այդ գիծը քաղաքական չէ (փաստաթղթեր)’

2953

«Ես որևէ բիզնեսից չեմ օգտվում, առավելևս, շատ անհարմար վիճակում եմ ինձ գտնում, որովհետև դրանից բան էլ չեմ հասկանում»: Այս մասին սույն թվականի ապրիլի 28-ին հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ փորձելով հերքել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդումը, թե Սահակյանի անունը կապվում է «մարշրուտկաների բիզնեսի հետ»: Գալուստ Սահակյանը նաև ասել է, որ դեռևս 1992 թվականին է արձագանքել հեռուստատեսությամբ. «Այո, ես գիծ ունեմ, բայց՝ քաղաքական»:

Պարզվում է, սակայն, որ Գալուստ Սահակյանը, ավելի ճիշտ՝ նրա ընտանիքը, այնուամենայնիվ՝ գիծ ունի, և ոչ թե քաղաքական, այլ Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող:

Ուսումնասիրելով Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների ցանկը՝ iLur.am-ը պարզեց, որ թիվ 57 համարի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ի միակ բաժնետերն է Արման Սահակյանը: Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի կայքում Արման Սահակյանի հայրանունը նշված չէ: Բայց վճարելով 3200 դրամ՝ մենք պարզեցինք, որ «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերի տերը բնակվում է Արզումանյան 30-19 հասցեում: Ուսումնասիրելով ՀՀ ընտրողների ռեգիստրը՝ պարզեցինք, որ Արզումանյան 30-19 բնակվող Արման Սահակյանի հայրանունն է Գալուստ: Այդ նույն հասցեում է գրանցված նաև հենց ինքը՝ ԱԺ ՀՀԿ-ական խոսնակ Գալուստ Սահակյանը: Եվ այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Գալուստ Սահակյանի որդին գծատեր է:

Ուշագրավ է նաև, որ «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ն գրանցվել է 2001 թվականին՝ ճիշտ այն ժամանակ, երբ Արման Սահակյանը  դարձել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի` մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ:

Այնպես որ՝ Գալուստ Սահակյանի բոլոր պնդումներն այն մասին, թե ինքը միայն քաղաքական գիծ ունի, մեղմ ասած՝ չեն համապատասխանում իրականությանը: Եթե նույնիսկ Գալուստ Սահակյանը և ՀՀԿ-ն քաղաքական գիծ ունեն, ապա այդ գծի միակ իմաստն է՝ լցնել սեփական գրպանները՝ օգտագործելով զբաղեցրած պաշտոնները:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Հարավային Օսիա’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’