‘
Մի քանի օր առաջ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հուղարկավորության արարողությունից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա մասին հիշատակի եւ գնահատանքի իր խոսքում անդրադառնալով 1988-1990թթ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժմանը եւ այն ղեկավարած «Ղարաբաղ» կոմիտեի խաղացած դերին, մասնավորապես՝ ասաց.
«Ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն այնպիսի մի երեւույթ է, որի նմանը երեւի չի եղել մեր պատմության մեջ։ Մտավորականներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր զբաղմունքը, իր մասնագիտությունը, բայց միշտ ապրել է հայրենիքի հոգսերով, միշտ մտածել է այս երկրի ապագայի մասին, երբ առիթը ծագեց, պատահական չէր, որ հենց այդ մարդիկ հավաքվեցին իրար շուրջ եւ ղեկավարեցին Ղարաբաղյան շարժումը։ Ես չեմ ուզում առանձնացնել ոչ մեկին: Ինձ համար թանկ են եւ հավասար իրենց արժեքով, իրենց վաստակով, իրենց խաղացած դերով «Ղարաբաղ» կոմիտեի անխտիր բոլոր 11 անդամները… Դրանք մարդիկ էին, որ այն ժամանակ ոչ իշխանության գալու կամ պաշտոններ ստանալու մասին էին մտածել, ոչ էլ ենթադրել էին, թե Սովետական Միությունն այդքան շուտ քանդվելու է: Եթե Գորբաչովը մի քիչ ավելի խելոք լիներ եւ կարողանար պահպանել Սովետական Միությունը, մենք՝ այդ 11 հոգին, փտելու էինք Սիբիրի բանտերում, եթե չգնդակահարվեինք»։
Նկատի ունենալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս խոսքը ճակատագրական ու հերոսական այդ տարիների մասին շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողների շրջանում, ինչպես նաեւ՝ որ այդ տարիների իրական պատմությունը անծանոթ է մնում հատկապես երիտասարդ սերնդին, ստորեւ հրապարակում ենք «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամի՝ վաղամեռիկ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի (Երեւան, 2013) առաջաբանը, որ հեղինակել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ։ Գիտնականը հնարավոր է համարում, որ 1988-1990թթ. «Հայկական հեղափոխության» ուսումնասիրությունը կարող է բերել այն եզրահանգման, որ այն «իր նշանակությամբ Հայաստանի, մասամբ նաեւ աշխարհի համար 20-րդ դարի վերջի կտրվածքով ունի նույն դերը, ինչ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ Ֆրանսիայի եւ աշխարհի համար 18-րդ դարի վերջին – 19-րդ դարի առաջին կեսին»։
iLur.am
Ղարաբաղյան շարժման կամ հայկական հեղափոխության (1988-1990)
հիմնական առանձնահատկությունները
Չորս-հինգ տարի առաջ աշխարհի տարբեր երկրներում պաշտոնական հանդիսությունների ու գիտաժողովների ձևով նշվեցին այսպես կոչված «1989 թ. արևելաեվրոպական հեղափոխությունների» 20-ամյակը։ Երևույթին մեծ հնչեղություն տալը թերևս պայմանավորված էր այդ «թավշյա» որակված հեղափոխությունների պատմական նշանակությամբ. դրանց հետևանքով էր, որ քանդվեց Բեռլինի պատը, կազմալուծվեց աշխարհի սոցիալիստական ճամբարը, ևս երկու տարի անց աշխարհի քարտեզից վերացավ խորհրդային կայսրությունը ու, այդպիսով, Եվրոպայում շրջող կոմունիզմի ուրվականը դարձավ լոկ հետազոտության առարկա։
Գիտաժողովներից և ոչ մեկի ժամանակ, որքան մեզ հայտնի է, համապատասխան գնահատական չտրվեց Ղարաբաղյան շարժման (1988 փետրվար — 1990 օգոստոս) դերին ու նշանակությանը վերոնշյալ գործընթացների համատեքստում։ Մասնագիտական գրականության մեջ, որոշ փոքր բացառություններով, այն դիտարկվում է լոկ հայ-ադրբեջանական, «էթնոտարածքային» որակում ստացած կոնֆլիկտների համատեքստում։ Մեր կարծիքով, Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասն արևելաեվրոպական «թավշյա» հեղափոխությունների շարքի առաջնեկն է, և որպես այդպիսին, այն մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման և նշանակալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման ու, այդպիսով՝ կոմունիզմի վտանգի վերացման գործում։ Լինելով առաջինը, այն չի նկատվել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մասնագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղափոխության[1]» օրինաչափությունները կարող են նոր լույս սփռել 20-րդ դարավերջի արևելաեվրոպական ժողովրդավարությունների ծագման ուսումնասիրման ու գնահատման գործում։
* * *
Ղարաբաղյան շարժման կարևորագույն բնութագրական գիծը նրա համաժողովրդական լինելն էր։ Միակ խավը, որն այս կամ այն կերպ ընդդիմանում էր Շարժման զարգացումներին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության նոմենկլատուրային բյուրոկրատական վերնախավն էր, որը շատ լավ տեսնում էր, որ Ղարաբաղի՝ Հայաստանին միացման հարցի լուծման ճանապարհ էր ընտրված ժողովրդավարական վերափոխումների քաղաքականությունը։ Ընդ որում, Շարժման համաժողովրդական դառնալը ևս միանգամից չեղավ։ Այսպես, 1988 թ. փետրվարին դրան նպաստող կարևորագույն գործոնը՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցին չսատարելուց զատ, նաև միութենական ու հանրապետական իշխանությունների պահվածքն էր, ինչը դրսևորվեց, մասնավորապես, հետևյալ երկու տիպի գործողություններում. միութենական մամուլն ու «Վրեմյա» հեռուստատեսային լրատվական ծրագիրը, Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող, ոչ լիարժեք տեղեկատվություն էին հաղորդում ԼՂԻՄ-ում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, դրանք որակում էին որպես «էքստրեմիստական» բնույթ ունեցող և երկրորդը՝ Երևանում գտնվող ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու Վ. Դոլգիխը հարյուր հազարանոց հանրահավաքները որակեց որպես «մարդկանց խումբ», ինչն ընկալվեց պարզապես որպես վիրավորանք։
Շարժման համաժողովրդական լինելու կարևոր ցուցիչներից էին.
ա) մի քանի հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ ընթացող հանրահավաքներն ու երթերը ավելի քան երկու տարի շարունակ,
բ) արդեն 1988 թ. մարտին հանրապետության հարյուրավոր աշխատանքային կոլեկտիվներում ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեները, որոնք կոչված էին սատարելու Ղարաբաղյան շարժման ղեկավարությանը։ Սրանք ԽՍՀՄ մի քանի այլ հանրապետություններում ավելի ուշ ձևավորված ժողովրդական ճակատների նախատիպն էին, յուրահատուկ այլընտրանքներ խորհրդային ձեռնարկություններում ու հիմնարկություններում գործող կուսակցական, կոմերիտական, արհմիութենական կոմիտեներին։ Այս նորաստեղծ մարմիններն ավելին էին, քան պարզապես «աջակցության խմբեր» և շատ կարճ ժամանակում նրանց մեծ մասը կարողացավ իրենց ձեռքը վերցնել հասարակական ակտիվության կազմակերպման և ուղղորդման գործը։ Մի քանի տարի անց նրանց միջից էին, որ դուրս եկան երկրի ղեկավարման ապարատում մեծ ու փոքր դիրքեր զբաղեցնող հարյուրավոր պաշտոնյաները։
գ) «Տոնական» տարրերի բազմաքանակությունը։ Ինչպես ցույց է տրված հետազոտություններում,[2] Շարժման սկզբնավորման պահից ի վեր հանրահավաքների կենտրոնատեղիում՝ Օպերայի (Ազատության) հրապարակում տեղի ունեցավ մեծ-փոքր [տարիքով-երիտասարդ], կին-տղամարդ, քաղաքացի-գյուղացի, հայախոս-ռուսախոս և այլ նման հակադրությունների թուլացում և վերացում։ Սրանք հետո՝ ժամանակ անց, արդեն 1989 թ. երկրորդ կեսին հետ եկան։
դ) պատկերագրական նյութի (պլակատներ, տրանսպարանտներ) բազմաքանակությունը (մեզ հաջողվել է ֆիքսել շուրջ հազար միավոր) և բազմազանությունը (դրանց մեջ առանձնանում են մոտ քսան խմբեր)։[3] Նման առատությունը վկայում է Շարժման մեջ բազմակարծության բարձր աստիճանի մասին ու, այդպիսով, Շարժման ոչ զուտ քաղաքական բնույթ ունենալուն, որպիսին էր վիճակը, օրինակ, մերձբալթյան հանրապետությունների պարագայում։ Ուսումնասիրողի առջև վեր է հառնում բազմադեմ, աստիճանաբար ազատականացող մտածողության տեր, բայց և միևնույն ժամանակ կարևորագույն հարցերի շուրջ միակամ մարդկանց բազմությունը։
ե) Շարժումն ուներ խորապես ազգային բնույթ, ինչի ցուցիչներից էին, օրինակ, նաև հայերի համախմբությանը կոչող պլակատային տեքստերը. «Հայեր բոլոր երկրների, միացե՛ք», «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», «Հայ ժողովրդի միասնությունը Արցախի հարցի լուծման գրավականն է», «Единение народа не может быть стремлением к национальной замкнутости», իսկ բազմահազար երթերի ժամանակ հնչող կոչերից ամենատարածվածն էր «Հայե՛ր, միացեք» բանաձևը։
* * *
Ղարաբաղյան շարժումը ծավալվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հռչակած վերափոխման, ժողովրդավարացման, հրապարակայնության պայմաններում։ Մասնագիտական գրականության մեջ ռեֆորմների այդ շարքը որակված է որպես «հեղափոխություն վերևից»։[4] Ընդհանրապես, խորհրդային հասարակարգի բնութագրական գծերից էր՝ ինչ էլ ծագեր ներքևում, հետո այն անպայման պետք է ուղղորդվեր վերևից, երկրի ղեկավարության կողմից։ Ցանկացած շեղում այդ գծից, չնայած զանգվածների ակտիվության անընդհատ հնչող կոչերին, որակվում էր որպես վերակառուցման գործին խոչընդոտող։ Այս տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից։ Այդ պատճառով էլ իր ձևավորման առաջին իսկ օրերից Շարժումը ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին։
ա) Շարժման ներքևից ուղղորդումը դրսևորվում էր տարբեր ձևերով։ Դրա բնութագրական կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից։ Եթե մինչ Շարժումը սահմանադրությունն ընկալվում էր իբրև թղթի մի անպետք կտոր, իսկ Գերագույն խորհուրդը դիտվում էր իբրև մի վայր, որտեղ բոլոր պատգամավորները լոկ ձևական բնույթ ունեցող քննարկումներով ու միաձայն կողմ էին քվեարկում վերևից իջեցվող օրենքների նախագծերին, ապա Շարժման տարիներին մարդիկ աստիճանաբար սովորեցին նաև գնահատել գործող օրենքները, Գերագույն խորհուրդը սկսեց դիտվել իբրև մի վայր, որի որոշումներում պետք է դրսևորվի ժողովրդի կամքը, իսկ պատգամավորները պարտավոր են ի պաշտոնե լսելի դարձնել այդ կամքը։ Ստեղծվեցին «սահմանադրական» կոչվող հատուկ խմբեր, որոնք համակարգում էին պատգամավորների հետ տարվող աշխատանքները։
1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների և ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերն, ինչպես նաև նստացույցերն ու հացադուլներն էին։ Ղարաբաղյան շարժման ժամանակ էր (1988 թ. փետրվար, հուլիս, սեպտեմբեր), որ առաջին անգամ ԽՍՀՄ—ում օգտագործվեց պայքարի գործադուլային եղանակը համաժողովրդական ընդգրկմամբ, որպես բողոքի դրսևորում կենտրոնական իշխանությունների գործողությունների դեմ։ Այն ուներ իր յուրահատկությունները, և թերևս այդ պատճառով է, որ անգամ միութենական առաջադիմական մամուլի գնահատականներում չընդգրկվեց ԽՍՀՄ տարածքի առաջին գործադուլների շարքում։
Պայքարի սահմանադրական եղանակի ցուցիչներից էր 1988 թ. մայիսին դրված Հայաստանի խորհրդարանի նստաշրջանի հրավիրման պահանջը, որն ուղեկցվում էր նստացույցերով, հացադուլներով, նաև պատգամավորների հետ բացատրական աշխատանք կատարելով։ Ի վերջո ստացվեց այնպես, որ նստաշրջանը գումարվեց պատգամավորների իսկ պահանջով։
Նույնը կրկնվեց 1988 թ. նոյեմբերի վերջին՝ ավելի լայնամասշտաբ ձևով. այդ ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտնում արտահերթ նիստի կայացումը՝ քննարկվելիք հարցերի նկատմամբ այլ վերաբերմունք ունենալու պատճառով, ուստի և նստաշրջանը ժողովրդական պատգամավորների մի զգալի մասի իսկ պահանջով գումարվեց հանրահավաքների կենտրոնավայրում՝ Օպերայի շենքում։ Նիստի ժամանակ պատգամավորները մերժում են ԽՍՀՄ-ում ընտրությունների անցկացման նոր օրինագծի և ԽՍՀՄ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հրամանագրի ընդունումը՝ նկատի ունենալով դրանց հակաժողովրդական բնույթը։ Նիստի հրավիրումը դեմոկրատական շարժման կենտրոնավայրում և նիստի ընթացքում ընդունված որոշումները ժողովրդի հաղթանակի վկայությունն էր, իրոք ժողովրդավարական խորհրդարանի ձևավորման սկզբի ազդարարում. այդ օրն առաջին անգամ ժողովուրդն ինքն արեց իր ուզած նստաշրջանը, քննարկեց իր ուզած հարցերը, ընդունեց իր ուզած որոշումները և այդ ամենը՝ առանց «վերևների» ներկայության, ինչը ցույց տվեց անդունդի առկայությունը ղեկավարության և ժողովրդի միջև։ Սակայն նույն գիշեր Երևանում մտցվում է հատուկ դրություն և պարետային ժամ, իսկ ժողովրդական դարձած խորհրդարանի որոշումները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները հայտարարում են հակասահմանադրական ու ապօրինի։
Այն հանգամանքը, որ այդ նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը մղվեց երկրորդ պլան, նշանակում էր, որ Շարժումն իրոք ընթանում է վերակառուցման (իրական, այլ ոչ թե գորբաչովյան) ոգով, հօգուտ ընդհանրապես երկրի ժողովրդավարացման, այլ ոչ թե նեղ ազգային շարժում է։ Մարդիկ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում էին միայն ողջ ԽՍՀՄ մասշտաբով իրական վերափոխումների մեջ։
բ) Ղարաբաղյան շարժման ժամանակ էր՝ 1988 թ. հոկտեմբերին, որ առաջին անգամ Խորհրդային Միությունում, ու թերևս նաև Արևելյան բլոկի երկրներում, տեղի ունեցան այլընտրանքային ընտրություններ։ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ ընտրվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և «Գթություն» բարեգործական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը։[5]
Այստեղ կարևոր է նշել, որ «Ղարաբաղ» կոմիտեն 1988-1989 թթ. (և անգամ 1990 թ. գարնանային խորհրդարանական ընտրությունների շեմին) չէր ձգտում ամեն գնով վերցնել իշխանությունը, ինչում նրան մեղադրում էր միութենական ղեկավարությունն ու մամուլը։ Եթե դա Կոմիտեի համար լիներ առաջնահերթ, խորհրդարանի շատ պատգամավորների հետ կանչելու կուրս կվերցվեր։[6] Սակայն կարևորը պատգամավորներին՝ գործող օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում, ստիպելն էր, որ նրանք կատարեն ժողովրդի կամքը։ Եվ դա արվեց 1988 թ. աշնանը ընդամենը երկու պատգամավոր խորհրդարան մտցնելու ճանապարհով, որտեղ նրանք (ինչպես նաև որպես դիտորդներ նիստերին հրավիրված Կոմիտեի մի քանի անդամները) սկսեցին լսելի դարձնել ժողովրդի ձայնը։ Խոհրդարանում աշխատելու առաջին ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում երկու պատգամավորների ակտիվությունը, և որ շատ կարևոր է՝ ժողովրդավարական գործընթացներով պայմանավորված ընդհանուր պաթոսն այնքան էական դեր խաղաց խորհրդարանի աշխատանքներում, որ հանգեցրեց վերջինիս ընդհանուր ժողովրդավարացման։ Գերազանցապես այս հանգամանքով էր պայմանավորված վերը հիշատակված 1988 թ. նոյեմբերի 24-ի նստաշրջանը։
1988 թ. նոյեմբերի 7-ի «շքերթը» և նոյեմբերի 18-ի հարյուր հազարավոր մարդկանց երթը ցույց տվեցին, որ Շարժումն իրոք ուղղորդվում է ներքևից, իսկ Կոմիտեի որդեգրած պայքարի սահմանադրական եղանակը բերեց նրան, որ ժողովուրդն ու նրա պայքարը ղեկավարող Կոմիտեն ունեցավ իշխանություն դե ֆակտո, իսկ նոյեմբերի 22 և 24-ի խորհրդարանի նիստերը ֆիքսեցին, որ ժողովուրդն ու Կոմիտեն ձեռք բերեցին նաև դե յուրե իշխանություն։ Այսինքն, պայքարի սահմանադրական եղանակը տվեց իր դրական արդյունքները, չնայած և մերժվեց «վերևից հեղափոխություն» իրականացնող ԽՍՀՄ ղեկավարության կողմից։
Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձրակետը 1990 թ. մայիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան առավելության և քվեարկությունների մի քանի փուլերից հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր- Պետրոսյանն ընտրվեց խորհրդարանի նախագահ։ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց «Անկախության հռչակագիրը», որն սկիզբ դրեց խորհրդային ոճի կառավարում ունեցող երկրից՝ անկախ ժողովրդավարական պետություն կառուցման գործընթացին։
գ) Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզբից ևեթ միտված էին անկախության ձեռքբերմանը,[7] Հայաստանում հակախորհրդային տրամադրություններն աճում էին աստիճանաբար, ինչը ևս Շարժման՝ ներքևից ուղղորդված լինելու ցուցիչներից է։ Նման գործընթացի հիմնական «մեղավորը» ընկալվում էր ժողովրդավարական վերափոխումների կուրս հռչակած ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ղեկավարությունն իր քայլերով։ Դրանց թվում էին՝ ժողովուրդների «լենինյան» որակվող ինքնորոշման իրավունքի կիրառմանն ընդդիմանալը, սումգայիթյան իրադարձություններին (որոնք մարդկանց գիտակցության մեջ միանշանակ համադրվել էին 1915 թ. ցեղասպանության հետ) քաղաքական ու իրավական գնահատական չտալը, խորհրդային-ռուսական բանակային ստորաբաժանումների պատժիչ գործողությունները Հայաստանում և ԼՂԻՄ-ում, խորհրդային արժեքների («ճշմարտության հայելի» մամուլ, «ժողովուրդների անխախտ բարեկամության» գաղափարախոսություն, «ամենաարդար» դատական համակարգ և այլն) նկատմամբ հավատի կորուստը և այլն։[8] Արդյունքներից մեկը ինքնամաքրման գործընթացի ձևավորումն էր. 1988 թ. հուլիսից սկսեցին հանձնել կոմերիտական տոմսերը, իսկ 1989 թ.-ից՝ զանգվածաբար դուրս գալ նաև կոմունիստական կուսակցության շարքերից։ Սկսվեց նաև անցյալի ու ներկայի վերագնահատման գործընթաց, ինչը դրսևորվում էր ժողովրդի միակամության արժեքի գիտակցման («Հույսներս մեզ վրա, հայեր»), ինքնուրույն գործելակերպի հնարավորության նկատմամբ հավատի աճի («Մենք պետք է կռվենք, և ոչ լաց լինենք»), հայության հանդեպ ռուս ժողովրդի փրկարար դերի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սասանման («Մոսկվա→Բաքու→Սումգայիթ»), ռուսական մշակութային ասիմիլյացիայի դեմ պայքարի գիտակցման («Հայ երեխային – հայկական դպրոց») և ինքնության այլ ձևափոխումների մեջ։[9] Այսինքն, արտաքին և ներքին գործոններով պայմանավորված գաղափարները, ծնվելով ներքևներում, աստիճանաբար հասունանալով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում։
* * *
Հայկական հեղափոխությունը առաջինն էր նախկին ԽՍՀՄ տարածքում ձևավորված ազգային-դեմոկրատական շարժումների և հեղափոխությունների շարքում։ Շատ երևույթներ Հայաստանում զարգանում էին ինքնուրույն, պետական մեքենայի հետ դիմակայության պայմաններում, բայց և գործող օրենքների շրջանակներում։ Ահա այս պատճառով ես չեմ բացառում, որ Հայկական հեղափոխության հետազոտման ճանապարհով ձեռք բերված գիտելիքը կարող է և առաջարկել նոր, թերևս նրբերանգային տարրեր հեղափոխությունների արդի տեսությունների մեջ։[10]
Որպես կանոն ցանկացած առաջին երևույթ ունի յուրահատկություններ, որոնց իմացությունը կարող է նոր պարզաբանումներ բերել իրեն հաջորդող իրադարձությունների ուսումնասիրման գործում։ Ղարաբաղյան շարժումը կամ Հայկական «չճանաչված» հեղափոխությունը մինչ օրս Հայաստանում կամ արտերկրում դեռևս չի դարձել հատուկ հետազոտության առարկա հեղափոխությունների արդի տեսությունների լույսի ներքո, երբեք մասնագիտորեն չի համեմատվել 1980-ականների վերջին – 1990-ականների սկզբին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի տարածքում տեղ գտած համանման իրադարձությունների հետ։ Ահա սա այն խնդիրներից մեկն է, որ այսօր կանգնած է հայ հասարակագետների առաջ։
Ցանկացած երկրի նկատմամբ քաղաքականություն մշակելիս, թերևս հաշվի է առնվում այդ երկրի ներուժը ոչ միայն ռազմական կամ տնտեսական, այլ նաև քաղաքակրթական առումով. մի բան է, երբ դու գործ ունես հզոր բանակ ու տնտեսություն, բայց մշակութային ոչ հարուստ ավանդույթներ ունեցող երկրի հետ, մեկ այլ բան, երբ քո հետաքրքրության առարկա պետությունը գուցե թե շատ ուժեղ չէ տնտեսապես, բայց նրա բնակիչները ունեն քաղաքակրթական ու մտավոր լուրջ ներուժ, նրանց ավանդույթները՝ համապատասխան պայմանների պարագայում, կարող են որոշիչ դառնալ ազգային մոբիլիզացիայի համար, կրկնապատկել ու եռապատկել խոչընդոտները հաղթահարելու կարողությունները։ Այսինքն, այլ բան է, երբ Հայաստանի վերջին 20-25 տարվա պատմությանը նայում ես իբրև հարևան պետությունից տարածքներ ձեռք բերելու համար կոնֆլիկտի մեջ գտնվող երկրի, մեկ այլ բան՝ երբ նրան դիտում ես որպես մի ժողովրդի, որը 20-րդ դարի վերջում պայքարի ելավ ամենազոր խորհրդային կայսրության դեմ, և հաղթեց նրան ոչ թե ուժով, այլ ազգային արժեքների վրա հենված ժողովրդավարական, հեղափոխական այնպիսի մի ալիք առաջ բերելով, որն ի վերջո քանդեց Բեռլինի պատը և պատմության գիրկն ուղարկեց կոմունիզմի նկատմամբ ունեցած վախը։
[1] Ղարաբաղյան շարժման համար «հեղափոխություն» բնութագրումն առաջին անգամ օգտագործել է Ռոնալդ Սյունին։ Որքան մեզ հայտնի է՝ առաջին անգամ նա´ է անգլերեն մասնագիտորեն և համապարփակ ներկայացրել Շարժման տարիներին ծավալվող իրադարձությունները Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում, ընդհանրապես ԽՍՀՄ-ում ընթացող քաղաքական, սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական զարգացումների հենքին։ Մանրամասն տե´ս Ronald Grigor Suny. Looking Toward Ararat: Armenia in Modern History (Bloomington and Indianapolis: Indiana University Press, 1993), 192-212, 231-246։
[2] Լևոն Աբրահամյան, Ծեսը, նախաթատրոնը և Թատերական հրապարակը. – «Բեմ», 1990, թիվ 1, էջ 7-19։ Նույնի, Քաոսը և կոսմոսը ժողովրդական ելույթների կառուցվածքում. Ղարաբաղյան շարժումը ազգագրագետի հայացքով. – «Մշակույթ», 1990, մարտ-հունիս, թիվ 2-3, էջ 14-21։ Levon Abrahamian, “The Karabagh Movement As Viewed by an Anthropologist,” The Armenian Review 43: 2-3 (1990): 67-80.
[3] Հարություն Մարության, Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, Երևան, 2009, էջ 22-23։
[4] Տե´ս օրինակ Натан Эйдельман, “Революция сверху” в России. М., 1989.
[5] Ինչպես վկայում է Աշոտ Մանուչարյանը մեզ տված իր հարցազրույցներից մեկում, 1989 թ. սեպտեմբերին, երբ նա մասնակցում էր Ռուխի (Ուկրաինայի ժողովրդական շարժման) հիմնադիր համագումարին, իրեն էր մոտեցել լեհական «Սոլիդարնոստի» ղեկավար անդամներից Ադամ Միխնիկը և ասել, որ «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչների ընտրվելը հայկական խորհրդարանի կազմում և նրանց արդյունավետ աշխատանքը դրդել էր իրենց [«Սոլիդարնոստին»] գալ որոշման, որպեսզի իրենք ևս մասնակցեն լեհական սեյմի 1989 թ. հունիսյան ընտրություններին։ Նկատենք, որ այդ ընտրություններին խորհրդարանի անդամ ընտրվեցին «Սոլիդարնոստի» առաջարկած 100 հոգիանոց ցուցակից 99-ը, ինչի արդյունքում, համագործակցության մեջ մտնելով «Գյուղացիական կուսակցության» պատգամավորների հետ, լեհական պառլամենտում ձևավորվեց ուժերի այլ հարաբերակցություն, որին հետևեց կոալիցիոն կառավարության ստեղծումը (Տե´ս Charles Tilly, European Revolutions, 1492-1992 (Oxford, UK and Cambridge, USA: Blackwell Publishers, 1996), 2-3), իսկ նույն տարվա դեկտեմբերին Լեխ Վալենսան ընտրվեց Լեհաստանի նախագահ։
[6] Նկատենք, որ դրա հնարավորությունը կար. խորհրդային օրենքները թույլ էին տալիս ընտրողներին իրենց ընտրյալներին հետ կանչել խորհրդարանից։ Եվ նման մեկ-երկու դեպք արդեն իսկ գրանցվել էր 1988 թ. ամռանը։
[7] Левон Абрамян, Арутюн Марутян, Борьба за национальную независимость в Прибалтике и Закавказье: различия и сходство. – Всесоюзная научная конференция “Межнациональные проблемы и конфликты: поиски путей их решения”. Тезисы докладов, Бишкек, 1991, часть 1, с. 36-37.
[8] Տե´ս Հ. Մարության, նշվ. աշխ., էջ 307։
[9] Նույն տեղում, էջ 263-284, 291-294։
[10] Մեր գնահատմամբ, Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասն ազգային-ազատագրական պայքարի քողի ներքո իրականացված բուրժուական հեղափոխության օրինակ է։ Համառոտ անդրադարձ այդ հարցին տես. А. Марутян. Фактор исторической памяти в контексте Армянской революции 1988-1990 гг. – Международная научная конференция ”Археология, этнология и фольклористика Кавказа”. Сборник кратких содержаний докладов. Тбилиси, 2004, с. 215։ Շարժումն իր նշանակությամբ Հայաստանի, մասամբ և աշխարհի համար 20-րդ դարի վերջի կտրվածքով ունի նույն դերը ինչ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը Ֆրանսիայի և աշխարհի համար 18-րդ դարի վերջին – 19-րդ դարի առաջին կեսին։ Այս գաղափարի հիմնավորումը դեռևս լրացուցիչ դիտարկման կարիք ունի։ Տե´ս Հ. Մարության, նշվ. աշխ., էջ 313։
‘