‘Արամ Մանուկյան. Ի՞նչ կապ ունի վրացական հոսանքը ‘

3723

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

— Պարոն Մանուկյան, դուք վերջերս բացահայտել էիք, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում, եւ սա՝ այն դեպքում, երբ նախկինում հակառակ պատկերն էր: Կխնդրեի մանրամասնել`ի՞նչ էլեկտրաէներգիայի մասին է խոսքը:

— Մեկ շաբաթ առաջ, երբ ինձ այդ լուրը հասավ, չէի հավատում: Փորձեցի ճշտել տարբեր պատգամավորներից, տարբեր պաշտոնյաներից, բայց հարցս անլուրջ համարեցին, ընդհակառակը` պնդում էին, որ Վրաստանն է Հայաստանից էլեկտրաէներգիա գնում, այլ ոչ թե մենք նրանցից: Ընդ որում՝ մենք Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառել ենք, երբ մենք «նեղ վիճակում էինք», բայց այն ժամանակ կար քաղաքական որոշում` որպես բարեկամական ժեստ՝ օգնել մեր միակ քրիստոնյա հարեւանին: Իմ աղբյուրների միջոցով ճշտեցի, որ, այնուամենայնիվ, տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ավելին` Վրաստանի համապատասխան գերատեսչությունների վիճակագրական տվյալներում, նաեւ` Հայկական վիճակագրության մեջ, արտացոլված են քանակները, գինը: Այսօր մենք տարեկան մոտավորապես 4-6 մլն դոլարի հոսանք ենք գնում Վրաստանից: Սա մեծ ծավալ չէ, բայց տարօրինակ է երկու պատճառով, նախ` մենք հոսանքի կարիք չունենք, Հայաստանն այդ առումով ինքնաբավ է, եւ նույնիսկ հոսանքի ավելցուկ ունենք: Եվ երկրորդ տարօրինակությունն այն է, որ Վրաստանից հոսանքը մենք գնում ենք ամռանը, երբ էլեկտրաէներգիայի ավելցուկը ամենաշատն է, քան մյուս ամիսներին:

— Երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում Դուք բարձրացրիք այդ հարցը, հակադարձեցին, թե դա ուղարկվում է Իրան: Ձեր կարծիքով, հիմնավո՞ր է այդ պնդումը:

— Ես չեմ կարող միանշանակ պնդել: Այս հարցը դեռ ուսումնասիրելու կարիք կա: Իրանի հետ մենք պայմանավորվածություն ունենք` յուրաքանչյուր մեկ միավոր գազի դիմաց նրանց ենք ուղարկում երեք միավոր էլեկտրաէներգիա: Ի՞նչ կապ ունի այստեղ Վրաստանը, ի՞նչ կապ ունի վրացական հոսանքը: Եթե մենք Իրանից գազ ենք ստանում ու դրանով հոսանք արտադրում, ինչո՞ւ ենք Վրաստանից հոսանք գնում: Բայց իմ հյուսիսային ընկերները` Լոռու, Տավուշի մարզերից, ինձ բացատրեցին, որ իրենք «նստած են վրացական հոսանքի վրա»: Այսինքն` Վրաստանից էլեկտրաէներգիա են գնում ու սպառում Հայաստանում, եւ դա գնում են 15-16 դրամով, ինչը մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանում արտադրվածը: Բայց այս դեպքում հարց է առաջանում, եթե մենք 15 դրամով էլեկտրաէներգիա կարող ենք գնել Վրաստանից, ինչո՞ւ ենք մեր քաղաքացիներին երեք անգամ ավելի գնով խեղճացնում: Թող նվազեցնեն այստեղ գազով արտադրվող հոսանքի ծավալները, եւ էլեկտրաէներգիա գնենք Վրաստանից: Ինչո՞ւ պետք է երեք անգամ էժան էլեկտրաէներգիան թողած՝ քաղաքացիներին մատակարարենք թանկը: Եւ վերջապես, այստեղ ամենաարտառոցն այն է, որ այդ գործարքը գաղտնի է պահվում: Սա ամենաանընդունելին է: Ես չեմ բացառում, որ Վրաստանից էլեկտրաէներգիա գնելը լավ գործարք է, բայց ինչո՞ւ է դա գաղտնի  պահվում, ինչո՞ւ մինչեւ հիմա չէին հայտարարում այդ մասին: Հենց այդ գաղտնիությունն էլ հիմքեր է տալիս ենթադրելու, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, եւ կոռուպցիոն ռիսկեր կան: Ինչո՞ւ են գաղտնի պահում, էն գազի գաղտնիությունը դաս չեղա՞վ: Հիմա էլ` հոսանքի մեջ են գաղտնիություն պահում:

— Փաստորեն` հարեւան երկիրը, որին միշտ դու ես էլեկտրաէներգիա վաճառել, հիմա  հակառակն է՝ ինքն է քեզ վաճառում: Կարելի՞ է ենթադրել, որ հարեւան երկրները գնալով զարգանում են, իսկ մենք դոփում  ենք տեղում:

— Նո՞ր եք նկատել: Վաղուց, շատ վաղուցվանից է այդպես: Ցավալի է հնչում, բայց այդպես է:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի զինվորականներ. Դոնեցկի մատույցներում ոչնչացվել է գրոհայինների ավտոշարասյունը’
Հաջորդ հոդվածը‘Փեսան, գեբելսյան քարոզչամեքենան եւ Վարդենիսի խորհրդանշական քամին’