‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին քննարկում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, ինչի կապակցությամբ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 10-30-ից՝ քննարկմանը զուգահեռ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էր անցկացնում:
Քաղաքացիների հիմնական պահանջն այն էր, որ իրենց ներկայացուցիչներից բաղկացած 10 հոգանոց խումբը ևս մասնակցի նիստին, սակայն ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ դահլիճում տեղ չկա: Ի վերջո՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ակտիվիստներից երկուսին թույլ էր տվել մասնակցել նիստին: Նշենք, որ նիստին մասնակցում էին ինչպես օրենսդիր եւ գործադիր մարմինների, այնպես էլ ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Քիչ առաջ տեղեկացանք, որ ակտիվիստներից մեկին՝ Վաղինակ Շուշանյանին, ում հաջողվել էր ներս մտնել, այսօր կանչել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ուղղակի զրուցելու, սակայն ակտիվիստը հրաժարվել է ներկայանալ՝ առանց համապատասխան ծանուցման առկայության:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստի ժամանակ Վաղինակ Շուշանյանը, դիմելով Ռոբերտ Նազարյանին, նշել էր՝ «Դուք հիմա չգիտեմ՝ ում եք կանչել, մեզ մերժում եք՝ ասելով, որ տեղ չունեք, որովհետեւ ՀԿ-ները շատ են, իսկ ես ՀԿ-ների հետ կապ չունեմ, ես իմ ջեբի մասին եմ մտածում: Այստեղ նստածներից յուրաքանչյուրն իրավունք չունի ջեբի մասին չմտածի ու ինձնից փող վերցնի, էդ չորս դրամը դուք չեք տալու, դուք չեք վճարելու: Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ տալու էդ փողը, պետք եղավ, ահաբեկություն էլ կանեմ»:
‘