‘Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ինքնաբերաբար կվերածի այն ԱՊՀ-2-ի. Վերլուծաբան’

1045

Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ինքնաբերաբար կվերածի այն ԱՊՀ-2-ի`արդյունավետության համապատասխան մակարդակով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ, հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

«Չեմ կարծում, թե Երևանը և Բաքուն կկարողանան իրատեսորեն քննարկել փոխշահավետ հարցերը` շրջանցելով ղարաբաղյան հիմնախնդիրը: Միաժամանակ, Ռուսաստանի եվրասիական նոր նախագծերն ընդհանուր առմամբ թելադրված են  ինտեգրման, ընթացիկ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Այս պայմաններում Մոսկվան, հասկանալով այդ ճանապարհին առկա բոլոր բարդությունները, առնվազն ձգտում է պահպանել Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունների գոյություն ունեցող մակարդակը: Այդպիսով, հեղինակությունից բացի, Երևանի և Բաքվի մասնակցությունը միևնույն ինտեգրացիոն նախագծին շատ քիչ բան կբերի Ռուսաստանին»,- վստահ է վերլուծաբանը:

Մարկեդոնովի կարծիքով, ամեն ինչ հստակ չէ նաև տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր դաշնակից Հայաստանի հետ կապված: Հիմնական խնդիրը եվրասիական ինտեգրման մյուս մասնակիցների կողմից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ոչ միանշանակ ընկալման, արևմտյան ուղղությամբ քաղաքականություն կառուցելու Երևանի ձգտման մեջ է: Կան նաև խնդիրներ, որոնք Ռուսաստանի և Հայաստանի  միջև համաձայնեցում են պահանջում Մաքսային միությանը վերջինիս անդամակցման դեպքում: «Հակառակ դեպքում ՄՄ-ին անդամակցությունը կարող է կոշտ անդրադարձ ունենալ  Հայաստանի ներսում սոցիալական իրավիճակի վրա»,- վստահ է վերլուծաբանը:

Միաժամանակ, չնայած ռուսական ինտեգրացիոն նախագծերին միանալու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունների բացակայությանը, Բաքվին ներգրավելու նկատմամբ հետաքրքրությունը վերջին ժամանակներս ակներև է: Հատկապես ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից հետո, որ ղարաբաղյան հակամարտությունը, անմիջական առնչություն չունենալով տնտեսական ինտեգրմանը, պետք է առանձին փաթեթում դիտարկվի: Այնուամենայնիվ, Մարկեդոնովի կարծիքով, Բաքուն չի շտապում նաև Եվրաասոցացման` նախընտրելով իրականացնել ինքնիշխան ժողովրդավարության մերձկասպյան տարբերակը: «Ալիևը ձգտում է խուսափել Արևմուտքի առջև Ադրբեջանի չափազանց քաղաքական բացությունից: Իսկ ԱՄՆ և Եվրամիության էներգետիկ հետաքրքրությունը Բաքվի ընտրախավը տարիներ շարունակ իր շահերին է ծառայեցնում: Այնուամենայնիվ, այս կամ այն ընտրախավի ընտրությունը որպես վերջնական վճիռ չենք կարող դիտարկել, քանի որ այն դեռ լուրջ փորձությունների կենթարկվի»,- ամփոփել է վերլուծաբանը:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն գոյություն չունի’
Հաջորդ հոդվածը‘«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամին հրավիրել են ԱԱԾ’