‘
Լեգենդար The Beatles խմբի նախկին մենակատար Փոլ Մաքարթնին օգնել է 64-ամյա Ջոն Դենին՝ առաջարկություն անել սիրեցյալին, որը վերջինս ընդունել է: Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը Նյու Յորք նահանգի վարչական կենտրոն Օլբանի քաղաքում կայացած համերգի ժամանակ: Երաժիշտը Դենին բեմ է հրավիրել և առաջարկել է 13 հազար հանդիսատեսների առջև միասին կատարել When I’m Sixty-Four երգը, հաղորդել է NEWSru Israel-ը:
Ավելի վաղ Դենը հայտնի երաժշտի ուշադրությանն էր արժանացել մի ցուցապաստառով, որի վրա գրել էր. «Նա ինձ հետ չի ամուսնանա այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել ձեզ հետ: Ես 64 տարեկան եմ և արդեն մատանին գնել եմ»:
Դրանից առաջ Դենը և իր սիրեցյալ Կլաուդիա Ռոջերսը Ցինցինատիում եղել էին Մաքարթնիի համերգին, որտեղ երաժշտի երկրպագուներից մեկը պաստառ էր պարզել՝ խնդրելով Մաքարթնիի ինքնագիրը: Հենց դա էլ Դենին հուշել էր նույն կերպ վարվել: Կլաուդիա Ռոջերսը համաձայնել է ամուսնանալ և լրագրողներին հայտնել է, որ հայտնի երաժշտի հետ հանդիպումը իր ցանկությունների ցուցակում առաջինն էր: Փոխանցում է newsru.com-ը:
‘