‘
Ականատեսները տեղեկացնում են, որ Բրազիլիա-Գերմանիա հանդիպման ընթացքում բրազիլացի երկրպագուներից ոմանց նյարդերը ժամանակ առ ժամանակ տեղի էին տալիս, և ոստիկանությունը ստիպված էր լինում հանդարտեցնել նրանց: Հանդիպման ավարտից հետո բրազիլացի ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները չէին կարողանում զսպել արցունքները:
«Պատմական ստորացում»՝ այսպես է անվանել երկրի հավաքականի ջախջախիչ պարտությունը բրազիլական Folha de Sao Paulo թերթը:
Խաղից հետո Բրազիլիայի մի շարք քաղաքներում զանգվածային անկարգություններ են սկսվել: Սոցիալական ցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնցում մարդիկ այրում են երկրի դրոշը: Սան-Պաուլուում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, քաղաքի փողոցներում բռնկված հրդեհների լուսանկարներ են տեղադրվել Twitter-ում: Առայժմ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ամբոխը ցրելու համար: Ռիո-դե-Ժանեյրոյում, որտեղ հանրահայտ Կոպակաբանա լողափին տասնյակ հազարավոր մարդիկ էին դիտում հանդիպումը, նույնպես առանց միջադեպերի չի անցել:
«Սա աղետ է: Այս պարտության պատասխանատվությունը ես եմ ստանձնում»,- խաղից հետո մամլո ասուլիսում հայտարարել է բրազիլացիների մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին: Փոխանցում է BBC-ն:
‘