‘
Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն: Ռուսական РИА Новости գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի, սեպտեմբերի 11-ին անհայտ անձիք նռնականետերից գնդակոծել են Բենգազիում տեղակայվածմ ԱՄՆ հյուպատոսության շենքը: Զոհվածների թվում էր Լիբիայում ԱՄՆ դեսպան, 52-ամյա Սթիվենսը:
«Մենք շատ ու շատ ժամերի ընթացքում չէինք կարողանում գտնել դեսպան Սթիվենսին: Հետո մեր աղբյուրները հայտնեցին, որ նրան հավանաբար տեղափոխել են Բենգազիի հիվանդանոց: Ավելի ուշ Բենգազիի օդանավակայանում, դիվանագիտական ներկայացուցչության մնացած աշխատակիցների տարհանման ժամանակ մեզ փոխանցեցին նրա դիակը: Այսպիսով, մենք տեղեկություն չունենք, թե երբ եւ հատկապես ինչ հանգամանքներում է նա վախճանվել: Ենթադրում եմ, որ դա պարզ կդառնա հետաքննության արդյունքում», — ասել է Վիկտորիա Նուլանդը:
Ավելի վաղ մամուլում հայտնվել էին դեսպանի մահվան մի քանի վարկածներ: Համաձայն դրանցից մեկի, Սթիվենսը վախճանվել է հիվանդանոցում, մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ նա ծխախեղդ է եղել դեռեւս հյուպատոսության շենքում:
Պետդեպարտամենտի ներկյացուցիչը հայտնել է նաեւ, որ սովորաբար, սեպտեմբերի 11-ի՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաողբերգական ահաբեկչական գործողության տարելիցի նախօրյակին Միացյալ Նահանգների իշխանությունները խստացնում էին ԱՄՆ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում պաշտպանվածության աստիճանը:
«Մենք ստուգեցինք վտանգի մակարդակը եւ որոշեցինք, որ Բենգազիի հյուպատոսությունը բավարար չափով պաշտպանված է», — ասել է Նուլանդը: Նրա խոսքերով, շինության արտաքին անվտանգությունն ապահովել են լիբիացիները, իսկ նրսում գտնվել են ամերիկացի պահապանները:
«Դա միանգամայն համապատասխանում է արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչության պահպանման պրակտիկային», — նշել է նա՝ հերքելով լրագրողների հայտարարություններն այն մասին, որ հյուպատոսարանում պահապանների թիվը չափազանց փոքր է եղել:
‘