‘
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինայի արևելքում առևանգումների և խոշտանգումների վերաբերյալ, որոնց ենթարկվում են բողոքի մասնակիցներն ու լրագրողները:
«Առևանգումներ և խոշտանգումներ Ուկրաինայի արևելքում» վերնագրված զեկույցում հարյուրավոր օրինակներ են բերված: «Առևանգումների մեծ մասը զինված անջատականներն են գործում: Նրանց զոհերը դաժան ծեծի և խոշտանգումների են ենթարկվում»,- հայտնել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը: Նրա խոսքով՝ իրավապաշտպանները փաստեր ունեն, որ մարդկանց առևանգում են նաև ուկրաինական իշխանության կողմնակիցները, սակայն նման դեպքերը նշանակալիորեն քիչ են:
Կազմակերպությունում նաև նշում են, որ առևանգումների մեծ մասը կատարվում է քաղաքական նկատառումներով, սակայն երբեմն դա արվում է նաև փրկագին ստանալու նպատակով:
Իրավապաշտպանների տվյալներով՝ Ուկրաինայում մարդու իրավունքների պահպանմանը հետևող ՄԱԿ-ի առաքելությունը վերջին երեք ամիսներին արձանագրել է քաղաքացիների առևանգման 222 դեպք: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ապրիլից մինչև հունիս առևանգվել է 500 մարդ: Փոխանցում է BBC-ն:
‘