‘
Եգիպտոսի երկու ծայրահեղ իսլամիստական խմբավորումները՝ «Ալ-Գամաա ալ-Իսլամիա»-ն եւ «Ջիհադ»-ը հայտարարել են կոալիցիայի ստեղծման մասին, որի նպատակն է մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ հետագայում Եգիպտոսը վերածել իսլամական պետության: Այդ մասին հայտարարել է «Բարեկեցություն եւ զարգացում» կուսակցության («Ջիհադ»-ի քաղաքական թեւը) քարտուղար Մուհամմեդ Աբու Սամրան: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այս խմբավորումները մտադիր են ընտրություններին ներկայանալ ընդհանուր նախընտրական ցուցակով: Սամրան նաեւ նշել է, որ այս նախաձեռնությանը կմիանան նաեւ իսլամիստական այլ կուսակցություններ եւ շարժումներ: Ըստ որոշ տեղեկությունների, կոալիցիայի կազմ կարող են մտնել 17 կուսակցություններ եւ քաղաքական միավորումներ, այդ թվում եւ՝ սալաֆիտները:
Անցած ուրբաթ օրը իսլամական շարժման հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել էին Կահիրեի կենտրոնում՝ Եգիպտոսում իսլամական-կրոնական խիստ նորմերի հաստատման պահանջով: Ընդ որում, «Մուսուլման եղբայրները» հրաժարվել են մասնակցել «շարիաթական Սահմանադրության» կողմնակիցների երթին: Հիշեցնենք, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն այժմ մշակման փուլում է:
‘