‘Խմբագրական. Նացիոնալմանշաֆթ’

2055

Մի անգամ չէ, որ կարծիք եմ լսել, թե հայերիս, այսպես ասած, «չի սազում» «բալետ» անել հյուսիսեվրոպական ֆուտբոլային հավաքականներին՝ Գերմանիային, Հոլանդիային, Անգլիային (ասում են նույնիսկ, թե կեղծիքի որոշակի չափաբաժին կա դրանում), եւ հակառակը՝ «սազում է» լինել հարավային, հատկապես՝ լատինաամերիկյան հավաքականների կողմից: Այս կարծիքը պատճառաբանվում է նրանով, թե մենք մեր վարք ու բարքով, ավանդույթներով, մտածողությամբ, հուզականությամբ ավելի մոտ ենք պայմանական «բրազիլիային», եւ հակադիր ենք պայմանական «գերմանիային»:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով է ճիշտ նման համեմատական պնդումը. եթե նույնիսկ իրոք ճիշտ է այն, որ հայերս ավելի մոտ ենք «հուզական հարավցիներին», քան «սառը հյուսիսցիներին», ապա հետեւությունը կարող է լինել ոչ թե այն, որ լինենք «մեզ նմանների», այլ հակառակը՝ «մեզ չնմանների» կողմից: Ինչո՞ւ:

Եթե ընդունում ենք, որ իրոք ավելի նման ենք հարավցիներին, եւ նմանությունն էլ արտահայտվում է այնպիսի որակներով, ինչպիսիք են հարավային հուզականությունը, «ռոմանտիզմը», անձնակենտրոնությունը եւ այլն, ապա ինչի՞ն ենք այստեղ երկրպագում՝ մեր ներկայի՞ն, որն իրոք լի է այդ որակներով: Այսինքն` այնքան գոհ ենք ինքերս մեզնից, որ մի հատ էլ փնտրում ենք նմանների՞ն, որպեսզի ապրումակցենք: Եվ եթե, հակառակը, ընդունում ենք, որ տարբերվում ենք «հյուսիսցիներից», եւ տարբերությունն էլ արտահայտվում է մեզանում այնպիսի որակների բացակայությամբ, ինչպիսիք են սառնասրտությունը, հուզական հավասարակշռությունը, գործնականությունը, թիմային ոգին, ապա, արդյո՞ք ավելի ճիշտ չէ երկրպագել հենց այդ որակներին, որոնց բացակայությունը մեր հանրային եւ առօրյա կյանքում զգացվում է, եւ որոնք ակնհայտորեն օգտակար ու դրական են: Այլ կերպ ասած՝ երկրպագելով «մեզ նման» հարավցիներին՝ ինչ-որ իմաստով ամրագրում ենք մեր ներկան, իսկ երկրպագելով մեզնից տարբերվող հյուսիսցիներին՝ հաստատում ենք մեր ձգտումը դեպի դեռ չունեցած, բայց հանրայնորեն անհրաժեշտ որակներ:

Մի փոքրիկ օրինակ: Ո՞ւմ կուզեիք նմանվեր ձեր երեխան՝ Մեսսիի՞ն, որն, անշուշտ, հանճարեղ ֆուտբոլիստ է, թերեւս, իրոք՝ մեր ժամանակվա լավագույնը, եթե լավագույնի մեջ հաշվի առնենք, նախ, տեխնիկական որակները, բայց որի թիմային եւ կամային որակներն այդպես էլ անհրաժեշտ չափով չդրսեւորվեցին հատկապես հավաքականի վճռական խաղերում (իհարկե, բախտը բերել-չբերելու հանագամանքն էլ կար), թե՞ Բասթիան Շվայնշթայգերին, որը Աշխարհի գավաթի ընթացքում խաղից խաղ ավելի ու ավելի բացվեց, իսկ եզրափակչի օրը պարզապես վերածվեց իր թիմի ուղեղի, սրտի եւ կամքի: Խոսքը սովորական «տղայության» մասին չէ: «Շվայնիին» 6 անգամ գցեցին գետնին, «ջարդուփշուր» արեցին, բայց նա ամեն անգամ վեր էր կենում միայն ավելի կատաղի խաղալու համար: Բայց դա դեռ «կինոյի» երեւացող մասն է: Բացի ընկնել-վեր կենալուց՝ այդ ֆուտբոլիստը եղավ Մեսսիի հիմնական չեզոքացնողը, նրան դաշտի կենտրոնից դեպի աջ թեւ դուրս մղողը, այսինքն՝ արտակարգ խաղաց պաշտպանությունում, եւ, մյուս կողմից, Խեդիրայի բացակայության եւ Կրոոսի՝ տեղ-տեղ ոչ այնքան վստահ խաղի պայմաններում, Շվայնշթայգերն իր վրա մասամբ վերցրեց խաղը կառուցողի դերը: Ի վերջո, նրա փոխանցմամբ սկսած հերթական գրոհն էլ ավարտվեց հաղթական գոլով:

Չգիտեմ՝ ոնց դուք, բայց ես ավելի հանգիստ կլինեի Հայաստանի ապագայի համար, եթե հայաստանցի երեխաները նախընտրեին հագնել ոչ թե Մեսսիի կամ Նեյմարի, այլ Շվայնշթայգերի անունով մարզաշապիկներ: Բայց դառնանք բուն թեմային:

 

Ավելի հետաքրքիր է այն, որ այս պատմության մեջ կան որոշակի չափազանցություններ եւ իրականությանն այնքան էլ չհամապատասխանող կարծրացած պատկերացումներ: Իրականում հայերն անքան էլ տիպիկ «կրքոտ հարավցիներ» չեն, իսկ նույն գերմանացիներն այնքան էլ «չոր մեքենա» չեն: Սկսենք վերջինից, թեեւ առաջինը մեզ համար ավելի կարեւոր է:

Պետք չէ մոռանալ, որ ռոմանտիզմը հենց գերմանական գյուտ է, այդ թվում, նախեւառաջ՝ ազգային ռոմանտիզմը: Զարմանալի է, բայց փաստ, որ, օրինակ, ռուսների, եւ ռուսների ազդեցությամբ՝ հայ մտավորականության մի մասի մեջ տարածված կաղապարները «անոգի, տեխնոկրատ արեւմուտքի» եւ «դուխովնի» ու «սամոբիտնի», «ուղեղով անհասկանալի արեւելքի» մասին, ինչպես նաեւ ազգային ռոմանտիզմի ողջ համակարգը ոչ այլ ինչ են, քան 19-րդ դարի գերմանական ռոմանտիզմի վերապրուկ: Կարող է ծիծաղելի թվալ, բայց 19-րդ դարի սկզբին եւ հետագայում էլ գերմանացիները հակադրում էին իրենք իրենց ֆրանսիացիներին եւ անգլիացիներին, այնպե՛ս, որ գերմանացիներն արեւելքն էին (կամ արեւմուտքի եւ արեւելքի խառնուրդ), «ոգեղեն» էին, «ուղեղով անընկալելի», միստիկ, ինտուիտիվ, իսկ ահա ֆրանսիացիներն ու անգլիացիներն արեւմուտք էին, տեխնոկրատ էին, չոր, մեխանիստական, անոգի եւ այլն (Տյուտչեւի «Ռուսաստանը բանականությամբ հասկանալ հնարավոր չէ» հայտնի խոսքն ընդամենը եթե ոչ բառացի, ապա իմաստային փոխառություն է գերմանական միջավայրից, որում նա երկար տարիներ ապրել է): Այնպես որ, մեր «ազգային ռոմանտիկների» մեծ մասը, հակադրվելով «անոգի» արեւմուտքին, ընդամենը վերաշարադրում է այդ «անոգի արեւմուտքի» սրտում ծնված կաղապարները՝ առանց գիտակցելու, անշուշտ, դրանց ծագումը:

Բայց սա փոքրիկ շեղում էր թեմայից, որի նպատակն էր ցույց տալ այն, որ ամեն ինչ այդքան պարզ չէ այս աշխարհում, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Իհարկե, գերմանացիները՝ միշտ չէ, եւ բոլորը չեն, որ եղել են «ազգային ռոմանտիկ», եւ գերմանական ռոմանտիզմն իր մեծագույն պարտությունը կրեց 1945-ին (այն, որ նացիզմը ռոմանտիզմի ճյուղերից մեկը կարող է համարվել, նորույթ չէ):

 

Հիմա դառնանք մեզ: Վախենում եմ սխալվել (ստուգելու հնարավորություն այս պահին չունեմ), բայց կարծես Րաֆֆին էր ասում, թե հայերը Մերձավոր Արեւելքի գերմանացիներն են: Իսկ Ստեփանոս Նազարյանցն իր ծրագրային հրապարակումներից մեկում խոսում էր այն մասին, որ հայերը պետք է լինեն եվրոպական լուսավորչականության նախադիրքը Արեւելքում: Այս տեսակետների հիմքը պարզ է՝ հայերը Մերձավոր Արեւելքի քրիստոնյա ազգերից են եւ, միաժամանակ, նույնիսկ իրենց պատմության ամենամութ շրջաններում ունեցել են, եթե ոչ միշտ քաղաքական եւ ռազմական, ապա գոնե տնտեսական եւ մշակութային կշիռ տարածաշրջանում:

Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մյուս ժողովուրդների մեջ հայերը միշտ էլ հակասական զգացմունքներ են առաջացրել: Այսօր էլ, եթե հավաքեք հայերի մասին կարծրացած պատկերացումներն այդ ժողովուրդների ներկայացուցիչներից, ապա, մի կողմից՝ հայերին հարգում են՝ որպես աշխատասեր, խելացի, կազմակերպված, մշակութաստեղծ, կենսունակ ազգ, իսկ մյուս կողմից՝ հայերին չեն սիրում այնպես, ինչպես տարբեր երկրներում ավանդապես չեն սիրել հրեաներին: Հայերին վերագրվող որակներն ամենեւին էլ ռոմանտիկ չեն: Օրինակ, վրացիներն ու աբխազները հայերին համարում են ոչ «արիստոկրատ» ազգ, եւ հենց որպես այդպիսին էլ՝ աշխատասեր, հաշվարկող ու կարգապահ: Ընդհանրապես՝ նա, ով ապրել է հայաստանյան միջավայրից դուրս, օրինակ՝ նույն Վրաստանում, կարծում եմ՝ կհամաձայնի, որ հայերս ամենեւին էլ «ռոմանտիկ», «հուզական» եւ «կրքոտ» չենք, եւ այդ իմատով իրոք տարբերվում ենք գոնե կովկասցիներից (նույնիսկ խոստավանեմ, որ անձամբ ինձ վրացական «ռոմանտիզմի» որոշ դրսեւորումներ մեկ-մեկ շատ են պակասում երեւանյան միջավայրում): Իսկ ով չունի այդ փորձը, թող հիշի, ասենք, իտալական ֆիլմերը եւ ասի, թե տիպիկ հուզական հարավցի իտալացիների համեմատ՝ միջին հայն ո՞վ է՝ էստոնացի՞, նորվեգացի՞, թե՞ գերմանացի:

Իր լավագույն դրսեւորումներում միջին հայը զուսպ է, աշխատասեր, հաշվարկող: Սրանք, մի տեսակ, բնատուր որակներ են, որոնք բնորոշ են մեր ժողովրդին, բայց որոնք, անշուշտ, կարիք ունեն հղկման եւ զարգացման՝ համապատասխան քաղաքականության առկայության դեպքում: Խնդիրն, ըստ իս, ոչ այնքան մեր ժողովրդի «բնական» որակներն են, որքան մեր վերնախավերի մտածողությունը: Խոսքը ոչ միայն իշխող, եւ նույնիսկ՝ ոչ միայն քաղաքական, այլեւ մտավորական վերնախավի մասին է: Վերջինս կարեւոր դեր է կատարում, որովհետեւ պարտավոր է հղացքների վերածել «բնատուրը», իսկ արդեն այդ հղացքների հիման վրա էլ կարող է կայանալ գործնական քաղաքականությունը:

Եթե վերհիշենք մեր ոչ վաղ անցյալը, ապա, 1988-ից ծավալված ազգային Շարժումը հենց հաջողակ համադրում էր հասարակության «բնածին» որակների եւ մտավորականության լավագույն ներկայացուցիչների քաղաքական դերի, որը հենվեց բնատուրի վրա, բայց եւ զարգացրեց այն՝ մինչեւ գիտակցված քաղաքական գիծ: Եվ տարբերությունը նույնպես շատ լավ երեւում է համեմատության մեջ՝ վրացական եւ ադրբեջանական ազգային ռոմանտիզմների հետ, որոնք քաղաքական շարժումների վերածվեցին նույն 80-ականների վերջին-90-ականների սկզբին:

Ցավոք, մեր վերնախավերի ներուժը չբավարարեց նույն գիծն անշեղորեն շարունակելու համար: Հատկապես մեր մտավորականության մեծ մասի մտածողությունը ելնում է ոչ թե սեփական փորձի եւ սեփական հասարակության բնածին որակների ընդհանրացումից, այլ անստեղծագործորեն յուրացված օտար կաղապարներից: Նույնիսկ սեփական ժողովրդի եւ երկրի մասին մեր միջին մտավորականը մտածում է օտարերկրացու, տուրիստի պես: Սա գավառականության, գաղութականության խնդիրն է, որը պետք է լուծում ստանա: Իշխող վերնախավի մասին չեմ էլ խոսում, որովհետեւ ակնհայտ է նրա գավառական եւ գաղութային բնույթը նույնպես: Այսօր մտավորական եւ իշխող վերնախավերը գտել են որոշակի կոնսենսուսային տարբերակ եւ իրականում լավ էլ գոհ ու երջանիկ գոյատեւում են Հայաստանի հաշվին: Իհարկե, ժամանակ առ ժամանակ իրարից դժգոհ են մնում, կծմծում են «զմիմեանս», բայց երկուսի մեջ էլ առավել սուր դիմադրությունն ու ատելությունը առաջացնում է հայաստանակենտրոն դիրքը:

Եթե հայ հասարակության ներուժը ճշգրտորեն բացահայտվի եւ հղկվի վերնախավերի կողմից, ապա գոնե մեր տարածաշրջանում մենք կարող ենք դառնալ գերմանական մեքենա, նույնիսկ՝ 7-1-ով ջարդ տվող անպարտելի նացիոնալմանշաֆթ: 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիների աշխատավարձերը վճարվել են Էներգետիկայի նախարարության համակարգում գործող ձեռնարկությունների միջոցներից’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում կործանված ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ և հայեր չեն եղել’