‘Խարկովի քաղաքապետը մեղադրում է Ավակովին՝ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ’

890

Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսը իր դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին և Խարկովի մարզի նահանգապետ Իգոր Բալուտային: Այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին, տեղեկացրել է 112.ua. կայքը: Քաղաքապետի կարծիքով՝ իր դեմ մահափորձի մեջ ռուսաստանյան հետք չկա:

«Ես քննիչներին ասացի, թե ում եմ կասկածում, այսինքն՝ Ավակովին, ինչպես նաև Բալուտային: Ես հավատում եմ «Ֆեյսբուքի» այն արկղին, որ «կոտրվել» էր, և այնտեղ նրանց գրագրությունն էր: Այսօրվա դրությամբ ես կարող եմ արձանագրել, որ հետաքննությունն ընդամենը իմիտացիա է, այլ ոչ թե հետաքննություն: Մայիսից այդքան ժամանակ է անցել, արդեն հուլիսն է, իսկ գործը դեռ ընթացքի մեջ է: Ու ես չեմ կարող ասել, թե մինչև հիմա ինչ է արվել»,- հայտարարել է Կեռնեսը: Նա չի բացառել, որ կարող է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե իր դեմ մահափորձի կազմակերպիչները չպատժվեն: Ավակովն ինքը մահափորձին իր մասնակցությունը  հերքել է:

Կեռնեսը Իսրայելի հիվանդանոցից Խարկով է վերադարձել հուլիսի 17-ին: Նա դեռ դրանից առաջ է հայտարարել իր և Ավակովի անբարյացակամ փոխհարաբերությունների մասին՝ նշելով, որ նախարարին ձեռնտու էր իրեն վերացնելը:

Գենադի Կեռնեսի վրա հարձակում էր տեղի ունեցել 2014 թ. ապրիլի 28-ին: Քաղաքապետի վրա հրազենային երկու կրակոց  էր արձակվել վազքի ժամանակ, և նրան տեղափոխել էին Իսրայել՝ վիրահատության, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սունիգան, ով վնասվածք էր հասցրել Նեյմարին, թիկնապահների կարիք ունի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’