‘
Մոսկովյան մետրոյի «Հաղթանակի պուրակ»- «Սլավյանսկի բուլվար» ուղեհատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկն այսօր առավոտյան մահացել է Բոտկինյան հիվանդանոցում: Այդպիսով, վթարի զոհերի թիվը դարձավ 23:
«Կինը մահացել է այսօր առավոտյան, ժամը յոթին՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին: Նա մի քանի բարդ վիրահատությունների էր ենթարկվել»,- հաղորդել է Մոսկվայի առողջապահության վարչության ղեկավար Գեորգի Գոլուխովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին մոսկովյան մետրոպոլիտենի երկու կայարանների միջև մի քանի վագոններ դուրս էին թռել գծերից, ինչի արդյունքում տեղում զոհվել էր 20 մարդ, 150-ը հայտնվել էին հիվանդանոցում:
Անփութության վերաբերյալ քրեական գործով անցնում է չորս հոգի:
Երեքշաբթի Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն աշխատանքից ազատել է մետրոպոլիտենի պետ Իվան Բեսեդինին, փոխանցում է BBC-ն:
‘