‘
Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսն այսօր ձերբակալվել է այն պահին, երբ հանձնուք էր տանում Բաքվի քննչական մեկուսարանում օրեր առաջ կալանքի վերցրած իր տիկնոջը՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսին, հաղորդել է Turan-ը՝ հղում անելով փաստաբանին՝ Հալիդ Բաղիրովին:
Սկզբում Արիֆ Յունուսին տեղափոխել են շրջանային ոստիկանության բաժին: Այնուհետև փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին տարել են գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչություն՝ քննիչ Իբրահիմ Լեմբերանսկու մոտ:
Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ իր պաշտպանյալին նույնպես կձերբակալեն:
Haqqin-ի փոխանցմամբ՝ փաստաբանը հայտնել է, որ այնուհետև Արիֆ Յունուսին տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցն ընտրելու նպատակով:
Մինչդեռ զգալիորեն վատացել է նրա տիկնոջ` Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի առողջական վիճակը: Օգոստոսի 4-ին նրան այցելած փաստաբան Ջավադ Ջավադովը հաղորդել է, որ սուր շաքարախտի հետևանքով նրա տեսողությունն զգալիորեն վատացել է և նա բժշկի վերահսկողության կարիք ունի, ինչից մեկուսարանում զրկված է, հիվանդության հետևանքով թմրում են նրա ձեռքերի մատները: Ջավադովը նաև հաղորդել է, որ շաբաթվա վերջին սպասվում է Յունուսի կալանքի վերաբերյալ գանգատի քննությունը:
Լեյլա Յունուսը ձերբակալվել է հուլիսի 30-ին` պետական դավաճանության և մի շարք այլ հանցագործությունների համար մեղադրանքով: Մեղադրանք է առաջադրվել նաև նրա ամուսնուն:
‘