‘
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դապասապահ Ռոման Բերեզովսկին նշում է իր ծննդյան 40-ամյա հոբելյանը:
Մեր հավաքականի նվիյալ դարպասապահը գործի հանդեպ իր վերաբերմունքով նվաճել է երկրպագուների անսահման սերն ու հարգանքը: Բոլոր ակումբներում, որտեղ էլ որ հանդես է եկել, տարբեր հարցումների համաձայն, գրեթե միշտ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Բոլոր այդ թիմերում, տարբեր ժամանակներում, նա կրել է թիմի ավագի թևկապը:
Իր հայրենիքում՝ Հայաստանում Ռոմանն առանձնահատուկ սեր է վայելում: Հայաստանի հավաքականի երկրպագուների համար այս դարպասապահը իսկական կուռք է դարձել, և նրա անունը առաջինն է նշվում Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Արազ Oզբիլիսի և Գևորգ Ղազարյանի կողքին: Թիմի ավագը, որ պաշտպանում է Հայաստանի դարպասը 1996 թվականից՝ արդեն 18 տարի, իր նվիրված խաղով, անմիջականությամբ ու համեստությամբ, նվաճել է համայն հայության սերը: Ու քանի դեռ նա կազմ ու պատրաստ է և կարողանում է խաղալ, նրա տեղը հավաքականում միշտ կա ու այդ հարցը չի քննարկվում:
Ռոմանին հաճախ են հարցնում, թե չի ափսոսում, որ, ժամանակին ունենալով Ռուսաստանի հավաքականում հանդես գալու հնարավորություն, ընտրել է Հայաստանը: Բերեզովսկու պատասխանը միշտ մեկն է եղել. «Երբեք: Հայաստանն իմ հայրենիքն է: Ես այնտեղ եմ ծնվել և հասակ առել»:
Ահա այսպիսին է մեր դարպասապահը, ում խաղին մենք բոլորս սպասում ենք անհամբերությամբ:
‘