‘
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը «հայտնաբերել է», որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը պետությունից թաքցնում է իր եկամուտների զգալի մասը:
Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ: Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500 կգ հումք:
«Այսինքն, ստացվում է, որ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500 կգ շաքարավազի հարկային հաշիվ, սակայն փաստացի առաքել էր 5500 կգ, որից 3000 կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ», — ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում: Հայտնաբերված խախտման վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:
Նշենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, Հայաստանում շաքարավազի շուկայի 99,8%-ը կենտրոնացված է իշխող վարչակարգի հովանավորությունը վայելող Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերության ձեռքում:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պետական հաստատությունը Ալեքսանյանին պատկանող բիզնեսում լուրջ խախտումներ է հայտնաբերում: Մի քանի տարի առաջ ուկրաինական կողմի դրդմամբ Ալեքսանյանի ընկերությունը մի քանի հարյուր հազար դրամով տուգանվեց ուկրաինական օղի կեղծելու համար: Նախորդ 2012-ին Երեւանի քաղաքապետորանը եւ մշակույթի նախարարությունը մի շարք ակտերի միջոցով փաստեցին, որ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ը առանց թույլատվության շինարական աշխատանքներ է ծավալել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի տարածքում՝ աղճատելով ճարտարապետական հուշարձանի արտաքին տեսքը: Սակայն, թե առաջին, թե երկրորդ դեպքերում պետական հաստատությունների միջամտությունը արդյունք չի տվել՝ չնչին տուգանքներ մուծելուց հետո Լֆիկ Սամոն շարունակում է իրեն պատկանող սուպերմարկետներում կեղծած օղի վաճառել, իսկ Փակ շուկան համապատասխան ճարտարապետական միջամտությունից հետո վերածվել է հերթական սուպերմարկետի:
‘