‘
Ուկրաինացի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Արսենի Յացենյուկը, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հեռացել են «Բատկիվշչինա» կուսակցությունից:
«Դուրս ենք եկել: Հետո ի՞նչ: Շարունակելու ենք ազատ ու երջանիկ Ուկրաինայի կառուցումը: Թեկուզ և տարբեր դիրքերից, բայց միասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է Ավակովը:
Ինչպես նշել է ՆԳ նախարարը, իր և գործընկերների հեռանալը կուսակցությունից պայմանավորված է նրանով, որ իրենք չեն կարողացել համաձայնության գալ կուսակիցների հետ՝ միասնական ժողովրդավարական դաշինք ստեղծելու և խորհրդարանում «ժողովրդական դաշինք» ձևավորելու հարցի շուրջ:
Այս տարվա մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում «Բատկիվշչինայի» կողմից թեկնածու էր առաջադրվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որն ընտրությունների արդյունքներով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 12,82 % ձայնով: Փոխանցում է BBC-ն:
‘