‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե անհրաժեշտ է բացատրություն տալ պարբերաբար ստացվող տեղեկություններին՝ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զորքերի առկայության վերաբերյալ, ասվում է կանցլերի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահի կայքում թեպետ նշվում է հեռախոսային խոսակցության մասին, սակայն Մերկելի ներկայացրած պահանջի մասին խոսք չկա:
Իսկ Շվեդիայի արտգործնախարարը Twitter-ում գրառել է. «Այժմ մենք Ռուսաստանի և Ոիկրաինայի կանոնավոր զորքերի ռազմական դիմակայություն ականատեսն ենք: Դա կոնկրետ անուն ունի»:
ԱՄՆ-ն, իր հերթին՝ հայտարարել է, որ Դոնեցկում և Լուգանսկում անջատականների հակագրոհները կատարվում են Մոսկվայի ղեկավարությամբ:
Մինչդեռ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իբրև թե Ուկրաինայում զոհված ռուսաստանցի դեսանտայինների հուղարկավորության մասին լուրերը, որ տարածում են մի շարք լրատվամիջոցներ, լրացուցիչ ճշտման կարիք ունեն: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘