‘
«Դեմ եմ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է հայաստանյան պետական բուհերի ռեկտորներին, որտեղ պահանջում են ամենաբարձր ատյաններում անդրադառնալ երիտասարդ դասախոսների դասավանդման խնդրին: Նամակը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի տիկին և պարոնայք,
Հուսով ենք՝ տեղեկացված եք 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակի և դրա հետևանքների մասին: Համատեղությամբ ոչ պետական հիմնարկներում աշխատող և ԲՈՒՀ-երում դասավանդող երիտասարդ մասնագետները հայտնվել են այդպիսի իրավիճակում, որ դասավանդումը շարունակելու դեպքում իրենց գումարային զուտ եկամուտը դառնում է ավելի ցածր, քան համատեղությամբ դասավանդումից հրաժարվելու դեպքում:
Ուստի այսօր բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ովքեր տիրապետում են իրենց մասնագիտությանը, և պրակտիկայում ձեռք բերված հարուստ ու նորարար փորձը փոխանցում են ուսանողներին, ստիպված են հրաժարվել դասախոսական գործունեությունից: Սա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ բացասական հետևանքներից մեկն է, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է հասարակության առավել կիրթ, պայքարող և մտահոգ հատվածի կողմից:
Կոչ ենք անում ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասը կազմող կառույցների գլխավոր պատասխանատուների, ամենաբարձր ատյաններում անդրադառնալ խնդրին և ձեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել` դատապարտելով ԲՈՒՀ-երի դասախոսական անձնակազմի կազմալուծմանը միտված այս քաղաքականությունը:
Հուսով ենք՝ գիտակցում եք կրթության կարևորությունը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, անվտանգության, գիտելիքահեն տնտեսության և առողջ հասարակության կազմավորման գործում: Ձեր լռությունը կարող է կործանարար լինել և առավել ևս մեղսակից դարձնել տարվող անհեռատես, նույնիսկ՝ հանցավոր քաղաքականությանը։
Պահանջում ենք օր առաջ անդրադառնալ այս խնդրին և ամենայն լրջությամբ բարձրացնել հարցը պետական առավել բարձր օղակներում՝ կանխելով կրթական համակարգի ներկա կործանարար ուղին:
‘