‘
Կիրակի Սիսիանում կայացած ընդդիմադիր հանրահավաքին ներկա էր նաև քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
«Հանրահավաքը նախատեսված է ժողովրդի համար, իսկ ես ժողովրդի ընտրյալն եմ: Եթե ժողովուրդը հավաքվել է հրապարակում, ուրեմն ես կա՛մ պետք է լինեմ ժողովրդի շարքերում, կա՛մ ուղղորդեմ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հակոբջանյանը: Նա հաստատեց տեղեկատվությունն այն մասին, որ առավոտվանից համայնքային նշանակության հանրային տրանսպորտը չի աշխատում՝ գյուղերից դեպի Սիսիան ավտոբուսներ չեն գալիս: Քաղաքապետի խոսքով, տեղական իշխանություններն այս ապօրինության դեմ ոչինչ չեն կարող անել, քանի որ ներհամայնքային երթուղիները սպասարկում են մասնավոր ընկերությունները:
Աղասի Հակոբջանյանի խոսքով, տարիների ընթացքում Սիսիանում աննշան ներդրումներ են կատարվել: Այդ պատճառով քաղաքի ճանապարհները քայքայվել են, իսկ բազմաբնակարան շենքերը վերանորոգման կարիք ունեն:
«Համայնքի բյուջեով կարողանում ենք սպասարկել միայն կոմունալ ծառայությունները, իսկ տանիքների վերանորոգման և ճանապարհների բարեկարգման համար ակնկալում ենք կառավարության աջակցությունը», — ասաց քաղաքապետը:
‘