‘ԼՂՀ վարչապետ. նոր կառավարությունը կլինի առավել գործունակ ու արհեստավարժ ‘

1297

«Կառավարությունը կարողացել է հիմնականում լուծել իր առջև դրված խնդիրները, որոնք ամրագրված էին մեր գործունեության ծրագրում. խոսքը, մասնավորապես, վերաբերում է մակրոտնտեսական ցուցանիշներին, սոցիալական ապահովությանը և հանրապետության անվտանգությանը»,- այսօր ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստում ունեցած իր ելույթում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, ԼՂՀ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որտեղ միաձայն կողմ էր քվեարկել էր Արա Հարությունյանին ԼՂՀ վարչապետ նշանակելու՝ ԼՂՀ նախագահի առաջարկին: ԼՂՀ խորհրդարանի քվեարկությունից հետո Հարությունյանն ասել է, թե համաշխարհային տնտեսության անբարենպաստ պայմաններում, որ հետևանք էին խորացած ֆինանսական ճգնաժամի, իր ղեկավարած կառավարությանը անցած 5 տարիների ընթացքում հաջողվել է ԼՂՀ-ում  հասնել տնտեսական զգալի աճի:

 «Մեր գլխավոր ծրագրերն առավելաբար կատարվել են` շնորհիվ տնտեսական ճիշտ հաշվարկների և նպատակասլաց կառավարման»,- հայտարարել է Հարությունյանը:  Վերջինս նաեւ նշել է, որ դրա հետ մեկտեղ կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք հետևանք են ինչպես իր կառավարության թերի աշխատանքի, այնպես և այլ առարկայական հանգամանքների:

«Առկա հիմնահարցերը մեզ ստիպում են ձեռնարկել նոր քայլեր և հանդես բերել այլ մոտեցումներ` մեր երկրի ու հանրության համար հրատապ գործերը արագորեն կարգավորելու համար: …Մենք պատրաստ ենք բարեփոխելու մեր տնտեսությունն ու կյանքի մյուս ասպարեզներն այնպես, որ բարելավման պտուղները քաղեն մեր բոլոր քաղաքացիները»,- հայտարարել է Հարությունյանը: Նա հավելել է նաեւ, որ «առաջիկայում կձևավորվի նոր կառավարություն, որը կլինի առավել գործունակ ու արհեստավարժ, կունենա մեր հանրապետության և ժամանակի պահանջներին համապատասխան կառուցվածք և գործունեության նոր ծրագիր»:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական Դամասկոսը կոչ է արել Սիրիայի հայերին լքել իրենց տները’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի Պապը ժամանեց Լիբանան’