‘
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության միջնորդությունը՝ «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովին ձերբակալելու վերաբերյալ, որն անցնում է բաշկիրական վառելիքաէներգետիկ համալիրի (ՎԷՀ) ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման գործով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Коммерсант»-ը, խափանման այդ միջոցն անհրաժեշտ է արտասահմանից մեղադրյալի արտահանձնման գործընթացն սկսելու համար: «Բաշնեֆտի» նախկին ղեկավարի փաստաբան Իլնուր Սելեմյանովը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանում այդ որոշումը բողոքարկելու մտադրության մասին, քանի որ դա անօրինական է համարում:
Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ բաշկիրական ՎԷՀ-ի բաժնետոմսերի հափշտակման գործով անցնող, «Սիստեմա» ԲՖԿ-ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը ազատվել է տնային կալանքից:
«Առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում» և «Անօրինական ճանապարհով ստացված միջոցների օրինականացում» հոդվածներով գործը Ուրալ Ռախիմովի նկատմամբ հարուցվել է այս տարվա ապրիլին: Հետաքննության վարկածի համաձայն՝ «Բաշնեֆտի» նախկին ղեկավարը բաշկիրական ՎԷՀ-ի բաժնետոմսերը հափշտակելու հանցավոր ծրագիր է մշակել գործարար Լևոն Հայրապետյանի հետ միասին: Փոխանցում է ТАСС-ը, որի աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Ռախիմովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
‘