‘Կասկադում «ախռաննիկներն» արգելում են պարզել ՀՀ դրոշը (Տեսանյութ)’

2121

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ Կասկադի այգու պահապանները արգելում են քաղաքացուն պարզել ՀՀ դրոշը՝  պատճառաբանելով, թե այգին «մասնավոր տարածք է» եւ այնտեղ «նման բաներն» արգելվում են:

Քաղաքացին պնդում է, որ Երեւանի կենտրոնում Հայաստանի դրոշը պարզել իրեն ոչ ոք չի կարող արգելել, եւ որ Կասկադից ինքը պատրաստվում է գնալ Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմին:

«Ախպեր, Մովսես Գորգիսյանին գիտենք, սաղին էլ հատիկ-հատիկ գիտենք, բայց դե որ ասում եմ չէ, ուրեմն չես անելու», — ասում է պահապանը:

Ուշագրավ է, որ տարածքում գտնվող ոստիկանները չեն փորձում միջամտել վեճին:

Նշենք, որ Կասկադի այգին, հակառակ պահապանների պատկերացումների, հանրային տարածք է և ընդամենը վարձակալության է տրվել «Գաֆեսճյան հիմնադրամին»: Պահապաններն ընդամենը հսկում են այգու տարածքում գտնվող թանկարժեք արվեստի նմուշները և ապահովում քաղաքացիների անվտանգությունը:

Դեպքի հետ կապված մի խումբ քաղաքացիներ որոշել են Կասկադը «պատել» եռագույնով՝ ի նշան նրա, որ Կասկադում ոչ ոք չի կարող արգելել պարզելու Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ Եռագույնը. «Եւ սա թող դաս դառնա ցանկացածի համար, ովքեր հետագայում կճգնեն արգելել Եռագույնի ծածանումը Հայաստանի որևէ տարածքում. ի պատասխան այդ արգելքի կստանան նման ակցիաներ»։

«Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 16:00-ին հավաքվում ենք Կասկադի տարածքում, մեր հետ ունենալով եռագույն դրոշներ։ Բոլորս միասին երգում ենք Հայաստանի Հանրապետության պետական օրհներքը, նկարվում ենք միասին՝ Եռագույն դրոշներով Կասկադի սկզբնամասում, աստիճանների վրա և ամենավերին հատվածում՝ «Հասկը» կրող հուշակոթողի հարթակում՝ Արքայական Հասկի ու հավերժության նշանի ֆոնին, և ամենքս գնում մեր գործին։ Ակցիայի-ֆլեշմոբի տևողությունը առավելագույնը 30 րոպե է։ Սա կլինի սթափեցնող ապտակ բոլոր նրանց, ովքեր չեն հասկացել, թե որտեղ են ապրում և ով է Հայը»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը‘Oxfam. 2016 թ. Երկիր մոլորակի բնակչության 1 % հարուստներն ավելի կհարստանան’
Հաջորդ հոդվածը‘Սպանություն Երևանում. Սպանության մեջ կասկածվողը որոնվում է’