‘
Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգում իսլամիստների մի շարք հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 26 մարդ:
Ականանետների, հրազենի և ականապատված ավտոմեքենայի պայթյունի միջոցով մի քանի քաղաքներում գրոհի են ենթարկվել պահակակետերը, ոստիկանության բաժանմունքները և ռազմաբազաները: Տասնյակ մարդիկ են վիրավորվել:
Հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետության» գրոհայինների հետ կապ ունեցող մի խմբավորում, որի անդամները եգիպտացիներին կոչ են անում պայքարել նախագահ Սիսիի դեմ:
2013 թ. Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո Սինայը վերածվել է երկրի նոր ռազմական ղեկավարության դեմ իսլամական խմբավորումների դիմակայության գլխավոր օջախներից մեկը: Վերջին երկու տարում այստեղ պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում իսլամիստների և կառավարական զորքերի միջև: Փոխանցում է BBC-ն:
‘