‘
Միջազգային կոալիցիայի Սիրիայում եւ Իրաքում իրականացված գործողության արդյունքում վերջին մի քանի շաբաթների ընթացքում վերացվել են «Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 7 հազար ահաբեկիչ:
Associated Press-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հորդանանի ռազմա-օդային ուժերի հրամանատար գեներալ Մանսուր Սալեհ ալ-Ջուբուրը:
«Մենք ոչնչացրել ենք լոգիստիկ կենտրոններ, զինապահեստներ եւ ահաբեկիչների ապաստանները»,- հայտարարել է նա: Ալ-Ջուբուրի խոսքերով՝ գործողության սկզբից, ընդհանուր առմամբ, ինքնաթիռների ավելի քան 5 հազար ռազմական թռիչք է իրականացվել: Ինչպես ընդգծել է ալ-Ջուբուրը, վերջնական նպատակը մնում է ջնջել «Իսլամական պետությունը» երկրի երեսից: Հորդանանյան բանակի տվյալներով, կոալիցիային արդեն հաջողվել է ոչնչացնել խմբավորման ռազմական կարողության շուրջ 20 տոկոսը:
Ավելի վաղ «Իսլամական պետության» կողմնակիցները տարածել էին 5 լուսանկար եւ տեսագրություն, որոնց վրա իբր պատկերված էր ահաբեկիչների կողմից գերեւարված հորդանանյան օդաչու Մոազա ալ-Քասսաբեխի կենդանի այրումը: Ի պատասխան, հորդանանյան կողմը փետրվարի 5-ին եւ 6-ին կատարել է 56 օդային հարված խմբավորման ռազմավարական կենտրոնների վրա՝ Սիրիայում եւ Իրաքում:
Հորդանանը՝ միջազգային կոալիցիայի մասնակից-պետությունների կազմում է, որի ուժերը 2014թ օգոստոսից հարվածում է ահաբեկիչների դիրքերին Իրաքում, սեպտեմբերից՝ Սիրիայում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ակտիվացել էր 2014-ի ամռան սկզբին եւ գրավել էր Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Հունիսի 29-ին վերահսկվող տարածքներում հռչակվել էր խալիֆայության ստեղծումը:
‘