‘Միջազգային հիմնադրամները դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը «որսագող տնօրենի պատճառով»’

1045

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Կովկասի բնության հիմնադրամը դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեցին հիմնադրամների հայաստանյան ներկայացուցիչները: Ինչպես նշեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, համագործակցության դադարեցման միակ պատճառը որսագող տնօրենի նշանակումն է: «Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի: Նա պետք է ունենա բարձրագույն կրթություն, որը չունի, պետք է ունենա համապատասխան տեսլական, հրատարակված մասնագիտական հոդվածներ և այլն: Մենք դեմ ենք Գաբրիել Պողոսյանի պաշտոնավարմանը` որպես Խոսրովի արգելոցի տնօրեն և դադարեցնում ենք ֆինանսավորումը, մինչև որ նա ազատվի աշխատանքից և տնօրենի թափուր պաշտոնի համար նորից մրցույթ հայտարարվի»,- ասաց նա:

Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանն իր հերթին տեղեկացրեց, որ հիմնադրամը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին, որում կոչ է արել ազատել Գաբրիել Պողոսյանին զբաղեցրած պաշտոնից և քայլեր ձեռնարկել բոլոր պայմաններին համապատասխանող տնօրեն նշանակելու համար: «Ես անձամբ եղել եմ այն հանձնաժողովի անդամ, որը 85 բալ նշանակեց այդ թեկնածուին, բայց, ըստ իս, նա բացարձակապես չի համապատասխանում պահանջներին: Մենք չէինք կարող աչք փակել նման իրողության վրա: Կովկասի բնության հիմնադրամը 250 հազ. եվրոյի եռամսյա ֆինանսավորման ծրագիր էր իրականացնում Խոսրովի արգելոցում, և վերջին փոխանցումը` մոտ 40 հազ. եվրո, պետք է կատարվեր հենց երկրորդ կիսամյակում, ինչը չարվեց վերը նշված պատճառով»,- նշեց նա` հավելելով, որ պահանջներին համապատասխանող տնօրենի նշանակման դեպքում հիմնադրամը պատրաստ է անմիջապես վերսկսել ֆինանսավորումը:

Աղբյուրը՝ PanArmenian.Net

Նախորդ հոդվածը‘Սիդնեյում վերամբարձ կռունկը ընկել է շենքի վրա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ. «Հայոց պատմություն» դասագիրքը ներկայացնում է հայոց պատմության իրողությունները’