‘
Երեւան-Սեւան մայրուղու «Չայնու ոլորաններ» հատվածում անհայտ վանդալները կոտրել են 1980-ին տեղադրված «Արձագանք» անունը կրող բրոնզաձույլ արձանը: Լուսանկարիչ Գերման Ավագյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է պղծված արձանի լոսանկարները: Հանցագործներին, ամենայն հավանականությամբ, «գրավել է» բրոնզը՝ որպես մետաղի ջարդոն:
«Իսլամիստներն, ասում եք, անկարգություննե՞ր են գործում Իրաքի թանգարաններում: Սա էլ, երեւի, մեր իսլամիստներն են», — գրել է Ավագյանը:
Ավելի ուշ լուսանկարիչը հիշեցրել է, որ 90-ականներին եւս արձանն ամբողջովին կողոպտել էին, սակայն ՆԳ այն ժամանակվա նախարար Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ այն վերականգնվել է:
«Այն տարիներին բրոնզից ձուլելը հնարավոր չէր, եւ «մենթերը» «գրդոն» արեցին՝ արձանը սարքելով ցեմենտի լուծույթով եւ ծածկելով այն պղնձաթերթերով»:
Նշենք, որ Երեւան-Սեւան ճանապարհի վրա, Չարենցավանի մուտքի մոտ գտնվող մեկ այլ ակնառու արձան՝ Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով կառուցված, մի քանի անգամ կողոպտվելուց ու վերականգնվելուց հետո արդեն մի քանի տարի ի վեր գտնվում է կիսավեր վիճակում:
‘