‘
Twitter ընկերության աշխատակիցները և նրա հիմնադիր Ջեք Դորսին վերջերս սպառնալիքներ են ստանում «Իսլամական պետության» անհայտ կողմնակիցներից:
Ջիհադիստների տարբեր կայքերում կոչ է արվում սպանել Twitter-ի աշխատակիցներին այն բանի համար, որ ընկերությունն արգելափակում է «Իսլամական պետության» կայքէջերն ու հաղորդագրությունները:
Հնարավոր չէ պարզել, թե անանուն սպառնալիքները կոնկրետ որտեղից են հնչում, այնուհանդերձ՝ ընկերության ղեկավարությունը դրանք լուրջ է ընդունում: Twitter-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե ընկերությունն ուսումնասիրում է այդ սպառնալիքները:
«Դուք եք սկսել տանուլ տված այս պատերազմը,- ասվում է մի հաղորդագրությունում:- Մենք ձեզ ամենասկզբից էլ ասել էինք, որ սա ձեր պատերազմը չէ, բայց դուք չհասկացաք ու շարունակեցիք փակել մեր էջերը Twitter-ում: Բայց մենք միշտ վերադառնում ենք»:
Վերջին շրջանում Twitter-ն իսկապես արգելափակում է «Իսլամական պետության» հաղորդագրությունները՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել սոցցանցի միջոցով այդ ծայրահեղական կազմակերպության նոր անդամների հավաքագրումը: Փոխանցում է BBC-ն:
‘