‘
Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, «Իստիգլալ», ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ:
«Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը: Զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձել է իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման 4 զինծառայող, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
‘