‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն նշել է, որ երկրի արևելքում ռուսաստանամետ անջատականները, Մինսկում փետրվարյան պայմանավորվածությունների համաձայն՝դուրս են բերել իրենց ծանր սպառազինության «զգալի մասը»:
Ուկրաինական Առաջին ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պոռոշենկոն տեղեկացրել է, որ կառավարական ուժերը նույնպես դուրս են բերել ծանր հրետանու և հրթիռային համակարգերի «առյուծի բաժինը»:
Ծանր սպառազենքը, ըստ տեսակի և հեռահարության՝ 50-ից 140 կմ հեռացնելու գործընթացը նախատեսված էր ավարտել մինչև մարտի սկիզբը:
Կրակի դադարեցումն ընդհանուր առմամբ պահպանվում է, թեպետ առանձին տեղերում շարունակում են բախումներ տեղի ունենալ: Հակամարտող կողմերը ժամանակ առ ժամանակ զինադադարը խախտելու կամ ուժերը վերադասավորելու նպատակով այն օգտագործելու մեղադրանքներ են ներկայացնում միմյանց: Փոխանցում է BBC-ն:
‘