‘
Վրաստանի ՆԳ նախարարությունը մեղադրել է գերատեսչության նախկին ղեկավար եւ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին` կեղծ անձնագիր օգտագործելով Հայաստանի հետ պետական սահմանը հատելու փորձ կատարելու մեջ:
Նախագահ Սաակաշվիլի համախոհ եւ կուսակից Մերաբիշվիլիի նկատմամբ դեռեւս պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, բայց նրան արդեն կանչել են հարցաքննության:
Ըստ ոստիկանության տվյալների, նախօրեին Մերաբիշվիլին պաշտոնական պատվիրակության կազմում Երեւան ժամանելու նպատակով գնացել է Թբիլիսիի օդանավակայան: Անձնագրային վերահսկողության ծառայության աշխատակիցը, ստուգելով նրա փաստաթղթերը, անձնագիրը փոխանցել է սահմանապահներին: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ներկայացված անձնագիրը պատկանում է ոմն Լեւան Մաիսուրաձեի, բայց լուսանկարում Մերաբիշվիլին է եղել:
Քանի որ ՆԳ նախկին նախարարը պաշտոնական պատվիրակության կազմում էր, նրան թույլատրել են մեկ այլ փաստաթղթով հատել սահմանը, իսկ վերադառնալուց հետո լքել է օդանավակայանը նախագահական ավտաշարասյան կազմում, ինչը թույլ չի տվել իրավապահներին համապատասխան գործողությունների դիմել:
Վանո Մերաբիշվիլին արդեն հայտարարել է, որ իր դեմ առաջադրվող մեղադրանքները «ծիծաղելի են», եւ համոզմունք է հայտնել, թե իր դեմ հարուցված գործը քաղաքական ընդդիմախոսներին հալածելու` Վրաստանի նոր իշխանությունների վարքագծի եւս մի դրսեւորում է:
‘