‘Ընտրություններ Գյումրիում. Ի՞նչ էին անում կիրակի օրը ուսուցիչները դպրոցում ‘

1199

Գյումրիի 35/25 տեղամասում, որը տեղակայված է Գյումրիի թիվ 31 դպրոցում, այսօր տարօրինակ աշխուժություն էր: Չնայած այսօր կիրակի է, սակայն, դպրոցում էին հավաքվել նաեւ դպրոցի ուսուցիչները: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ուսուցիչները խոստովանել են, որ այնտեղ են եկել ընտրությունների հետ կապված, որպեսզի հնարավորինս շատ մարդ բերեն: Զրույցի վերջում, ուսուցիչները հանկարծ հայտարարել են, թե ճիշտ կլինի, որպեսզի իրենց ներկայության մասին պարզաբանումը տա դպրոցի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով միաժամանակ նաեւ ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արման Սահակյանի վստահված անձն է:

Ղազարյանը, ով չնայած իր վստահված անձ լինելուն, իր աշխատասենյակում էր գտնվում, iLur.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, թե կիրակի օրը ուսուցիչները դպրոցում են գտնվում «երկրաշարժի օրվա» հետ կապված:

 

Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո իշխանական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, թե իբր 35/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը խորընդոտում է Սահակյանի վստահված անձի գործունեությունը:

Հիշեցնենք, որ այսօր թիվ 35 եւ թիվ 1 ընտրատարածքներում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են ընթանում:

Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել են Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը եւ Արման Սահակյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, եւ ով մայիսին կայացած ԱԺ ընտրություններում այդ ընտրատարածքում պարտություն էր կրել: 

Նախորդ հոդվածը‘Քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 17:00-ի դրությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ կապ Գյումրիից’