‘
Կեսգիշեր: Սերժ Սարգսյանը կամուֆլյաժով եւ դեմքին սեւաներկ քսած` կանգնել է իր թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի մեջքին եւ փորձում է ներս մտնել հյուրանոցի պատուհանից: Վաչիկ Ղազարյանը մի կերպ է դիմանում նրա ծանրությանը, սակայն զսպում է իրեն:
Ս.Ս.-Վաչիկ, տղավարի մեջքդ պահի, որ կարողանամ էս պատուհանը բացեմ:
Վ.Ղ-Շեֆ, մի կերպ եմ դիմանում, շուտ արա, թե չէ դարձա շախմատի ձի:
Ս.Ս.-Խելոք մնա, Վաչիկ, թե չէ էսա «խոդ կանյոմ» կանեմ, կիմանաս:
Վ.Ղ.- Դե քեզ շատ չկա, շեֆ, դու որ շախմատի ֆեդերացիայի նախագահն ես, դու շախմատ էլ կխաղաս, ձիով քայլ էլ կանես:
Ս.Ս.-Ա, սուս մնա, է, ասում եմ: Մի 10 սմ մեջքդ բարձրացրու:
Վաչիկ Ղազարյանը մի կերպ բարձրացնում է մեջքը, Սերժ Սարգսյանը պոկում է պատուհանը ու ներս խցկվում:
Վ.Ղ.-Շեֆ, շե՜ֆ, ես մնացի ստեղ:
Սերժ Սարգսյանը սարսափած դուրս է նայում պատուհանից:
Ս.Ս.-Մի՛ գոռա, այ տղա, հիմա կզարթնի: Ձեռքդ տո՛ւր:
Սերժ Սարգսյանը Վաչիկ Ղազարյանին քաշում է վերեւ, եւ վերջինս էլ ներս է խցկվում պատուհանից:
Հյուրանոցի շքեղ համար: Ննջասենյակից լսվում է քնած մարդու խռմփոց:
Վ.Ղ.-Շե՛ֆ, բա սա թիկնապահ-բան չունի՞ էս կողմերը, կարո՞ղ ա գան մեզ ստեղ կրակեն-մրակեն:
Ս.Ս.-Ա՜յ տղա, հոմ գիժ չես, ո՞վ պիտի մեզ ստեղ կրակի: Համ էլ, նա վսյակի, Արթուրիկին մի քիչ շուտ ուղարկել եմ մոտները՝ զբաղեցնի, մինչեւ…
Վ.Ղ.-ԱԽՔ-ի՞ն:
Ս.Ս.- Ա դե քեզ չե՞մ ասել՝ դրան ԱԽՔ մի ասա:
Վ.Ղ.- Շեֆ, դե ստեղ մենակ մենք մերոնցով եք, գոնե մեզ մոտ ազատ խոսանք, էլի:
Ս.Ս.-Քիչ խոսա, ու ավելի լավ ա` էդ գիրքը քթի:
Վ.Ղ.-Շեֆ, էն ի՞նչ ա, բարձի մոտ դրած, կարո՞ղ ա դա յա:
Ս.Ս.-Եթե բարձի մոտ ա, էդ պտի ըլնի: Ես էլ իմ բարձի մոտ կարեւոր գրքեր դնում:
Վ.Ղ.-Մոնակոյի պարտքերի գիրքը՞:
Ս.Ս-Այ տղա, ի՞նչ Մոնակո: Սո՛ւս: Էդ գիրքը բեր:
Վաչիկ Ղարզարյանը դանդաղ մոտենում է անկողնուն, դանդա՜ղ վերցնում բարձի մոտ դրված գիրքը, այնպես, որ քնած մարդը չարթնանա, եւ բերում տալիս է Սերժ Սարգսյանին: Վերջինս ուրախությամբ բացում է գիրքն ու ջղայնանում:
Ս.Ս.- Ա՛յ տղա, սա ձիերի մասին ա: (Սարգսյանը ջղայնացած գիրքը մի կողմ է շպրտում), հազար ասի` ինձ էն մյուսն ա պետք, ոնց դառնալ թուրքմենբաշի գիրքը:
Վ.Ղ.-Շեֆ, դրա անկողնու կողքի գրասեղանի վրա ինչ-որ գիրք ա երեւում: Բերե՞մ:
Ս.Ս.- Բե՛ր, բե՛ր տենամ:
Վաչիկ Ղազարյանը նույն ձեւով մոտենում եւ վերցնում է գիրքը, եւ բերում տալիս Սերժ Սարգսյանը:
Վ.Ղ.-Շե՛ֆ, սրա մեջ դիսկ ա:
Ս.Ս.-Կարո՞ղ ա Նիյազովը գաղտնիքները ոչ թե գրել էր գրքում, այլ` դիսկի վրա էր զապիս արել: Հը՞: Հըլը ստեղ մի տեղ միացրա տեսնենք:
Վաչիկ Ղազարյանը մոտենում է հեռուստացույցին, դողացող ձեռքերով փորձում է միացնել ձայնասկավառակը: Մթության մեջ լռությունն ավելի խորհրդավոր է թվում: Ժամանակ առ ժամանակ լռությունը խախտում է Թուրքմենստանի քնած նախագահի` Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի խռմփոցը, որից ամեն անգամ Սերժ Սարգսյանը վեր է թռչում:
Մինչ Վաչիկ Ղազարյանը փորձում է կարգավորել տեխնիկան, ինքը ակնածանքով մոտենում է քնած Բերդիմուհամեդովին, նայում է նրան, շոյում է մահճակալը, հետո` ոսկեզօծ չստիկները, հետո` խալաթը, հետո վախվորած հագնում է խալաթը ու փորձում է զմայլվել ինքն իրենով: Հետո հերթով սկսում է շոյել Բերդիմուհամեդովի անձնական իրերը, որոնք շարված են հսկայական սեղանի վրա, մերթընմերթ փակում է աչքերը` եւ թուրքմեն նախագահի խալաթով ու չստիկներով դանդաղ քայլելով՝ քթի տակ երանությամբ արտաբերում է. «Ոտքի, թուրքմենբաշին է գալիս, ոտքի, ծնկի, թուրքմենբաշին է գալիս, կախել սրան, գնդակահարել, փակել, փակել բոլոր թերթերը», հետո հոգոց է հանում, եւ նորից մոտենում Բերդիմուհամեդովի անկողնուն, ծնկի է իջնում, ու ձեռքերը հենելով մահճակալին՝ շշնջում է.
«Գուրբանգուլի, ո՞րն է քո գաղտնիքը, Գուրբանգուլի, ասա ինձ, որտե՞ղ է թաքնված քո գաղտնիքը, ասա ինձ, եղբայրս, հարազատս, չէ՞ որ մենք այսքան հարազատ ենք միմյանց, Գուրբանգուլի, ասա ինձ….»: Բերդիմուհամեդովը, սակայն, խորը քնած է, եւ միայն ժամանակ առ ժամանակ խռմփացնում է: Հանկարծ Սարգսյանի աչքովն է ընկնում բարձի տակից երեւացող հեռախոսը: Զգուշությամբ վերցնում է այն, սկսում է նայել լուսանկարները ու ծանր հառաչել.
«Աստվա՜ծ իմ, ձիեր, շա՜տ ձիեր: Օ՜, ինչպիսի պալատներ, ոսկեզօծ պալատներ, կանայք, ա՜խ, գլխահակ ու խոնարհ կանայք, Բերդի, ես նախանձում եմ քեզ……»:
Սարգսյանը մի տեսակ տխրությամբ ոտքի է կանգնում, որ հեռախոսը նորից դնի բարձի տակ, ու այդ պահին մեկ էլ` դըդը՜մփ….
Ողջ սենյակով մեկ երաժշտություն է միանում, կիթառի ձայն է լսվում, հեռուստացույցից սկսում է երգել Բերդիմուհամեդովը: Սարգսյանը չի հասցնում նույնիսկ գոռալ «Վաչիիի՜կ, էս ի՜նչ արեցիր», Բերդիմուհամեդովը գոռալով զարթնում է եւ իր մայրենի լեզվով օգնության է կանչում: Մտածելով, որ իր դեմ խարդավանքներ նյութողներն են Աշգաբադից հասել Երեւան, որ իրենից խլեն պաշտոնը, եւ մթության մեջ չճանաչելով իր խալաթը հագած Սերժ Սարգսյանին` Բերդիմուհամեդովը սկսում է «Դու երբե՛ք Թուրքմենբաշի չես դառնա, գաճա՛ճ, երբե՛ք» գոռալով՝ վազել Սարգսյանի հետեւից:
Սարգսյանը փորձում է հասկացնել իր ով լինելը, բայց ապարդյուն: Միայն պահի տակ հիշում է, որ Արթուր Բաղդասարյանին ուղարկել էր Բերդիմուհամեդովի թիկնապահներին զբաղեցնելու ու ուշադրությունը շեղելու, ու սկսում է գոռալ.
«Արթո՜ւր, փրկիր ինձ….Արթո՜ւրրրրր, խոստանում եմ, Հովիկի ձեռից պաշտոնը կվերցնեմ, նորից քեզ կտամ, Արթո՜ւրրրրր, նա հասնում է ինձ արդեն, Վաչիկ, ո՞ւր ես ցատկում պատուհանից, դավաճա՜ն, Արթո՜ւր….
Քիչ անց դռան մյուս կողմից լսվում է Արթուր Բաղդասարյանի խորամանկ ու սեթեւեթող ձայնը.
-Ինքդ փրկիր քեզ, ես գնում եմ Թուրքմենստա՜ն, Սուլթանը հենց նոր ինձ պաշտոն առաջարկեց…..
iLur.am-ի քաղաքական հումորի բաժին
‘