‘
Այսօր ՈւԵՖԱ-ի գործկոմը հաստատել է Եվրո-2020-ը մի քանի երկրներում անցկացնելու ծրագիրը, որը կարելի է պատմական համարել:
Եվրոպայի առաջնության նոր ձեւաչափի օգտին են քվեարկել գործկոմի գրեթե բոլոր անդամները: Դեմ է քվեարկել միայն Թուրքիայի ներկայացուցիչը: Թուրքերի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նրանք հավակնում էին Եվրո-2020-ը ինքնուրույն, միայն Թուրքիայում անցկացնելուն հեռանկարին:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արդեն մի քանի ամիս շարունակ ակտիվորեն քարոզում էր Եվրոպայի առաջնությունները մի քանի երկրում անցկացնելու գաղափարը եւ այն ի վերջո, կյանքի կոչվեց: Մյուս կողմից, ներկայումս ՈւԵՖԱ-ում դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ քանի երկրում պետք է անցկացվեն Եվրո-2020-ի հանդիպումները:
Տարբեր աղբյուրների համաձայն, Եվրո-2020-ի անցկացմանը հավակնում են հետեւյալ քաղաքները. Մոսկվա, Ամստերդամ, Բեռլին, Աթենք, Բրյուսել, Փարիզ, Մադրիդ, Լիսաբոն, Բազել, Լոնդոն, Զագրեբ եւ Հռոմ:
‘