‘
Ֆրանսիայի իշխանությունները պահանջում են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Եվրախորհրդարանի անդամ, ծայրահեղ աջ Ազգային ճակատի (FN) առաջնորդ Մարին Լը Պենին՝ մուսուլմանական համայնքի հասցեին արված արտահայտությունների համար, երեքշաբթի հաղորդել է France-Presse գործակալությունը: «Ես կարող եմ հաստատել, որ արդարադատության նախարարությունը նոյեմբերի 26-ին ուղերձ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ խնդրելով Լը Պենին զրկել անձեռնմխելիությունից»,- հայտարարել է արդարադատության նախարարության ներկայացուցիչ Պիեռ Ռանսեն:
2010 թ. դեկտեմբերին Լիոնում ելույթ ունենալով իր համախոհների առջև՝ Լը Պենը փողոցներում աղոթող մուսուլմանների թվի աճը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի հիտլերյան օկուպացիայի հետ:
Ազգային ճակատի առաջնորդը Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2004 թ. և վերընտրվել 2009-ին:
‘