‘
Էնդի Ուորհոլի աշխատանքը՝ Մերիլին Մոնրոյի դիմանկարը, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է $ 36 մլն-ով, տեղեկացրել է Christie’s աճուրդի տունը:
Փոփ-արտ ոճով կատարված կտավը կոչվում է «Չորս Մերիլին»: Այն վաճառվել է աճուրդի տան կողմից կազմակերպված՝ 20-րդ դարի մշակույթի ստեղծագործություններին վաճառքի շաբաթի շրջանակներում:
Ինչպես նշել է Art News կայքը, «Չորս Մերիլինը» շատ ավելի էժան է վաճառվել, քան նախատեսվել էր: Ընդամենը երկու տարի առաջ Philips աճուրդում ռուսաստանցի գործարար և արվեստի գործերի հավաքորդ Միխայիլ Ֆրիդմանի համար այն ձեռք էր բերել արտ-դիլեր Լարի Գագոսյանը՝ 38,2 մլն դոլարով: Ութ ամիս անց Ֆրիդմանն այն 44 մլն դոլարով վաճառել էր թուրք ձեռներեց Քեմալ Ջինգիլիօղլուին: Կտավն աճուրդի դնելով՝ Christie’s-ը նախատեսում էր դրա համար առնվազն 60 մլն դոլար ստանալ, գրել է Art News-ը:
Ամերիկյան փոփ-արտի հիմնադիրներից մեկը համարվող նկարիչ Էնդի Ուորհոլը կտավն ստեղծել է 1962 թ.: Նրա յուրահատկությունն այն է, որ կտավը տեխնիկապես այնպես է նկարվել, որ նրանում փոխվում է գունային կատարումը, սակայն դիմանկարն ինքը անփոփոխ է: Փոխանցում է Interfax-ը:
‘