‘Արամ Մանուկյան. Տնտեսվարող սուբյեկտը չի հասցնում հետեւել օրենքներին’

1188

Ազգային ժողովում «Հարկերի մասին ՀՀ օրենքում» լրացում կատարելու մասին նախագծի քննարկումների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:

«Բիզնեսը սիրում է հարկային դաշտի կայունություն, եւ որքան արագ է փոփոխվում հարկային օրենսդրությունը, այնքան բիզնեսը դառնում է «շփոթված», հաշվապահը չի հասցնում հետեւել օրենքներին: «Շահութահարկի մասին օրենքը» ընդունվել է մեկ տարի առաջ եւ այս ընթացքում արդեն 3 անգամ փոփոխվել է: 16 անգամ դուք դիմել եք խորհրդարանին՝ «Գույքահարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու համար: Հաստատագրված հարկերի համար դիմել եք 26 անգամ, «Հարկերի մասին օրենքի» համար՝ 50 անգամ, ԱԱՀ-ի փոփոխության համար՝ 74 անգամ, Շահութահարկի համար՝ 46: Ընդհանուր առմամբ՝ տեղի է ունեցել 290 փոփոխություն: Համաձայն եք, չէ՞, որ ոչ մի հաշվապահ, ոչ մի տնտեսվարող սուբյեկտ ուղղակի չի կարող հասցնել: Սա է պատճառը, որ կտրուկ՝ հազարներով ավելանում են վարչական դատարաններում վեճերը, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտը կամ նրա հաշվապահը ուղղակիորեն չեն հասցնում այս օրենսդրական փոփոխությունների հետեւից: Ինչու՞ է այսպես, մենք իրավիճակային օրենսդրությու՞ն ենք իրականացնում: Օրինակ, հաշվում ենք, թե այսօր սա պետք է, եւ մտնում ենք խորհրդարան, թե՞ այն պետք է լինի ռազմավարության մաս: Գոնե տարին մեկ անգամ կարելի է պրոբլեմները հավաքել եւ մտնել խորհրդարան: Չի կարելի տնտեսվարողի հետ այսպես անխիղճ վերաբերվել եւ նման ցնցումների մեջ գցել: Պետք է այստեղ լինի ռազմավարություն, մոտեցում, քաղաքականություն»,- նշեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարարն ասաց. «Անվիճելի է այն հանգամանքը, որ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները խարխլում են համակարգի կայունության եւ կանխատեսելիության սկզբունքները, որոնք կարեւոր են: Մենք նույնպես կարծում ենք, որ անհրաժետ է մի այնպիսի դաշտ, որը բիզնեսի համար կապահովի կայուն եւ կանխատեսելի միջավայր: Մենք պատրաստվում ենք մշակել եւ ընդունել հարկային օրենսգիրք, որի առաջնային սկզբունքներից մեկը կանխատեսելի եւ կայուն միջավայրի ապահովումն է»:

Արձագանքնելով Վախթանգ Միրումյանի պատասխանին՝ Կոնգրեսի խմբակցության քարտուղարը հետաքրքրվեց, թե ո՞րն է հարկային օրենսդրության մեջ ֆիննախի սկզբունքը: «Հարկային քաղաքականությունը պետք է ասելիք, առանցք ունենա: Օրինակ, մենք ասում ենք՝ ցածր հարկեր, բոլորը գտնվում են հարկային դաշտում, իսկ ով հարկերից խուսափում է՝ բարձր տույժեր: Սա քաղաքականություն է, սա ազատական մոտեցում է հարկային դաշտի վերաբերյալ, որը պետք է հրապարակվի, որպեսզի բիզնես անողը հասկանա, թե ինչ քաղաքականության հետ գործ ունի: Ո՞րն է ձեր մոտեցումը, քաղաքականությունը, որը պետք է լինի դրա հիմքում, որպեսզի ինձ ապացուցեք, որ մեր երկրում հարկային քաղաքականությունը իրավիճակային չէ»,- ասաց պատգամավորը:

Միրումյանի խոսքով՝ հայեցակարգային մոտեցումների տեսանկյունից՝ որպես քաղաքականության պատասխանատուների, իրենց մոտեցումը ամրագրված է հարկային օրենսգրքի հայեցակարգի մեջ, որը տեղադրված է նաեւ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կայքում, որտեղ մանրամասն նկարագրված են կոնկրետ սկզբունքները՝ ցածր հարկեր, հավասար մրցակցություն, պատասխանատվությանը համապատասխան չափորոշիչներ: «Իհարկե, սկզբունքը մեկը կամ մի քանիսը չեն: Օրինակ՝ ցածր հարկերը ակցիզային հարկի պարագայում քննարկման առարկա են: Դրա համար, քաղաքականության ուղղությունները մեկ ընդհանրական ուղղության մեջ կենտրոնացումը, կարծում ենք, որ խնդրահարույց է: Մեր մոտեցնումները ներառված են հայեցակարգի մեջ: Օրինակ՝ հայեցակարգային մոտեցում է ապահովել հարկային համակարգի կայունություն, կանխատեսալիություն երկարաժամկետ հատվածի համար: Հայեցակարգային մոտեցում է՝ ստեղծել այնպիսի հարկային միջավայր, որը խթանող կլինի տնտեսությանը եւ ներդրումների ներգրավմանը: Ստեղծել այնպիսի հարկային միջավայր, որը կայունություն կապահովի բյուջետային եկամուտներում, որովհետեւ մենք չենք կարող ասել՝ պահպանում ենք ցածր հարկային դրույքաչափերի սկզբունքը, բայց արդյունքում ունենում ենք պետբյուջեի մեկ քառորդի չափով կորուստներ եւ չգիտենք՝ որտեղից ենք դա փոխհատուցելու: Պատասխանատվության մասով նախատեսված է, որ բոլոր այն դեպքերում, որտեղ գործ ունենք դիտավորյալ չարաշահումների կամ հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերի հետ, ապա մենք պետք է ունենանք խիստ պատասխանատվության միջոցներ: Փոխարենը՝ երբ դրանք տեխնիկական, հաշվապահական սխալների արդյունք են, այստեղ մենք պետք է ունենանք արդեն տարբերակված մոտեցումներ: Սրանք են հիմնական հայեցակարգային մոտեցումները»,- հավելեց ֆինանսների փոխնախարարը:

Նախորդ հոդվածը‘Կատարվում է քննություն՝ պարզելու համար Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները’
Հաջորդ հոդվածը‘Christie’s-ը Մերիլին Մոնրոյի դիմանկարը վաճառել է $36 մլն-ով’