‘
Շախմատի Հայաստանի հավաքականը (Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր:
Վերջին՝ 9-րդ տուրում մեր ընտրանին 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Վրաստանի թիմի նկատմամբ: Առաջին և երրորդ խաղատախտակների վրա Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով հաղթեցին Բահադուր Ջոբավային ու Լուկա Պայչաձեին: Երկրորդ և չորրորդ խաղատախտակների վրա Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին Մչեդիշվիլիի և Գագունաշվիլիի հետ:
Հայաստան – Վրաստան՝ 3:1
- Լևոն Արոնյան – Բահադուր Զոբավա՝ 1:0
- Միխեյիլ Մչեդիշվիլի – Գաբրիել Սարգսյան՝ ½:½
- Սերգեյ Մովսեսյան – Լուկա Պայչաձե՝ 1:0
- Մերաբ Գագունաշվիլի – Հրանտ Մելքումյան՝ ½:½
Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Ֆրանսիան ու Հունգարիան, որոնց մեր ընտրանին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ընտրանին, իսկ չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 9 տուրում 15 միավոր վաստակեց:
Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Չեխիային: Մեր ընտրանու առաջատար Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթանակներ տարան, իսկ երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:
Կանանց պայքարում ևս ոսկե մեդալակիր դարձավ Ռուսաստանի ընտրանին, որը վաստակեց 17 միավոր: Երկրորդ հորիզոնականը 15 միավորով զբաղեցրեց Ուկրաինայի ընտրանին, իսկ Վրաստանը եզրափակեց լավագույն եռյակը` 14 միավոր:
‘