‘
Հայաստանի պետական սահմանի անցման բոլոր կետերում այս տարվա սկզբից գործում են անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու (վիզա) և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու ծառայությունները: Ծառայությունները գործում են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, նույնիսկ՝ գիշերային ժամերին, հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար յուրաքանչյուր տարվա համար գանձվում է 1000 դրամ պետական տուրք և միանվագ արտաբյուջետային վճար՝ 10 000 դրամ: Անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք սահմանված չէ:
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն.
— Հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ և ընդհանուր վավերականության ժամկետը չի կարող անցնել 15 տարուց:
— Մինչև 16 տարեկան հասակում ստացած անձնագրերի վավերականության ժամկետը չի երկարաձգվում:
Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ (խոսքը վերաբերում է մինչև 35 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիներին):
‘