‘
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը այլևս չի հավակնում Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավարի պաշտոնին: Այս մասին հայտնի է դարձել Ռայսի՝ նախագահ Օբամային ուղղված նամակից, գրում է newsru.com-ը:
«Ես վստահ եմ, որ իմ թեկնածության հաստատման գործընթացը չափազանց երկար կտևի և ապակառուցողական բնույթ կկրի՝ վնասելով ԱՄՆ-ի արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններին»,- ասվում է Սյուզան Ռայսի նամակում:
Նախագահ Օբաման պատրաստվում է մամուլի համար փակ հանդիպում ունենալ դիվանագետի հետ՝ ինքնաբացարկը քննարկելու նպատակով: Հատկանշական է, որ ի զարմանս շատերի՝ ԱՄՆ նախագահը կտրուկ հակադարձել է Ռայսի հասցեին քննադատություն հնչեցնողներին:
«Ես խորապես ափսոսում եմ վերջին շրջանում Սյուզան Ռայսի կողմն ուղղված անարդարացի և մոլորեցնող քննադատության համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի անվան շուրջ ստեղծված աղմուկի պատճառ էին հանդիսացել 2012թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակումը և ՄԱԿ-ում դրան հետևած զարգացումները (Ռայսը հայտարարել էր, որ դեսպանատան հրդեհի և դիվանագիտական խմբի մահվան պատճառը ամբոխի ցասումն էր, սակայն պարզվել էր, որ տեղի է ունեցել ծրագրված ահաբեկչություն):
‘