‘
Առնվազն ութ ամերիկյան ավիաընկերություններ դիմել են ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով հաստատել չվերթերը դեպի Կուբա:
Ավիափոխադրողները ցանկություն ունեն կղզի թռչել մի քանի քաղաքներից, այդ թվում՝ Չիկագոյից, Հյուսթոնից, Դենվերից և Մայամիից:
Ավելի վաղ ԱՄՆ-ը և Կուբան համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ:
Ըստ կանխատեսումների՝ ամեն օր Հավանայի և ամերիկյան քաղաքների միջև կիրականացվի 20 թռիչք, ինչպես նաև օրական 10 թռիչք՝ Կուբայի այլ քաղաքներ:
2015 թ. առնվազն 160 հազար զբոսաշրջիկ է այցելել Կուբա՝ այնտեղ հասնելով չարտերային չվերթերով:
Մարտի 21-22-ին Լատինական Ամերիկայի երկրներ շրջայցի շրջանակներում Կուբա կայցելի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: 1928 թ. Կուբա այցելած Քալվին Քուլիջից հետո՝Օբաման կլինի երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որն այցելելու է կղզի: Փոխանցում է BBC-ն:
‘