‘
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, որը մարտի 3-ից չոր հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատարանի որոշման դեմ բողոքի՝ մինչև մարտի 9-ը հետաձգել նրա վերջին խոսքը:
«Անցել է 20 ամիս, երբ նրան ձերբակալել են Ուկրաինայում և տեղափոխել Ռուսաստան: Այդ ընթացքում, ինչպես հաղորդվել է, Սավչենկոն ենթարկվել է հարցաքննությունների, հարկադիր «հոգեբուժական փորձաքննությունների», պահվել է մենախցում: Նրա դատավարությունը և ազատազրկումը Ռուսաստանի կողմից միջազգային չափորոշիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և Մինսկի համաձայնությունների պայմանները չկատարելու դրսևորում է»,- ասվում է Քերիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է պետքարտուղարության կայքում:
Սավչենկոյի դատավարությունը տեղի է ունենում Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում: Փոխանցում է BBC-ն:
‘