‘
Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը պահվում է բելգիական Բրյուգգե քաղաքի բանտի ստորգետնյա հատվածում, տեղեկացրել է Derniere Heure թերթը:
Սալահ Աբդեսլամը ու ևս չորս կասկածյալներ ձերբակալվել են մարտի 18-ին անցկացված լայնածավալ հատուկ գործողության արդյունքում: Այժմ որոշվում է նրան Ֆրանսիային հանձնելու հարցը:
Պարբերականի տվյալներով՝ բանտի ստորգետնյա հատվածը, որտեղ պահվում է Աբդեսլամը, ունի սեփական բանտապահները և չի ենթարկվում կալանավայրի ընդհանուր ղեկավարությանը: Կասկածյալի բանտախուց հասնելու համար անհրաժեշտ է անցնել մետաղադետեկտորով, 13 զրահապատ դռներով և երեք պաշտպանիչ ճաղավանդակներով:
Կալանավորը բանտախցում է լինում 23 ժամ՝ մեկժամյա զբոսանքը չհաշված: Բանտախուցը չի ջեռուցվում, և այնտեղ գտնվող կահույքի բոլոր առարկաներն ամրացված են գետնին: Պատուհան չկա, դրան փոխարինում է երդիկն առաստաղի վրա: Գիշերը բանտապահը կես ժամը մեկ ստուգում է բանտախուցը՝ միացնելով նեոնային լույսերը: Բանտի այդ հատվածի որոշ խցերում կալանավորները չեն կարող ինքնուրույն քաշել զուգարանի ջուրը, դա միջանցքից անում են բանտապահները:
Միևնույն ժամանակ՝ Աբդեսլամը կարող է հեռուստացույց դիտել, ռադիո լսել և գիրք կարդալ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘