‘
Ցուցարարները քարեր են շպրտել Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ-Մարզուկիի և խորհրդարանի խոսնակի ուղղությամբ, երբ այսօր նրանք այցելել են Սիդի-Բուզիդ քաղաք, որտեղ նշվում էր երկրում հեղափոխական իրադարձությունների երկրորդ տարեդարձը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը:
Երկու տարի առաջ Թունիսում բողոքի ալիք բարձրացավ ընդդեմ նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալիի վարչակարգի, որը երկիրը ղեկավարում էր 14 տարուց ի վեր: «Արաբական գարնան» համար խթան ծառայեց Սիդի-Բուզիդի 26-ամյա բնակիչ Մոհամեդ Բուազիզիի ինքնահրկիզումը: Բողոքի ցույցերի ճնշման տակ բեն Ալին ստիպված եղավ թողնել երկրի կառավարումը և փախչել Սաուդյան Արաբիա:
Գործակալության տվյալներով՝ անկարգություններն սկսվել են նախագահի ելույթից անմիջապես հետո: Տեղի բնակիչները, արտահայտելով իրենց դժգոհությունը նոր իշխանություններից, սկսել են քարեր շպրտել նրանց ուղղությամբ: Անվտանգության աշխատակիցները երկրի ղեկավարությանը արագ հեռացրել են դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «արաբական հեղափոխության օրրան» համարվող Սիդի-Բուզիդում ծայր առած բողոքի ակցիաները տարածվեցին տարածաշրջանի մի քանի երկրներում՝ Եգիպտոս, Լիբիա, Մարոկկո, Հորդանան, Բահրեյն, Օման: Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում դրանք հանգեցրին իշխանափոխության, Մարոկկոյում՝ լուրջ փոփոխությունների:
‘