‘
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 19-ին ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն առանց միջադեպերի է անցել: Այս մասին iLur.am-ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
‘