‘
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի
6-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ինչպես iLur.am-ին փոխանցում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, նիստի սկզբում Աշոտ Ղուլյանը նախ հրապարակել է պատգամավորներ Վլադիմիր Կասյանի եւ Զոյա Լազարյանի դիմումները՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին։
Նիստում քննարկվել է նաեւ «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Նարինե Նարիմանյանը, ով նշել է, որ առաջարկվող օրինագծի՝ որպես օրենք ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության կառուցվածքն օպտիմալացնելու և գործադիր իշխանության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև որոշ գերատեսչությունների անվանումներն իրենց գործառույթներին համապատասխանեցնելու նպատակով։
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ այդպիսով ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 10-րդ
կետերը, որոնք վերաբերում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և տնտեսական զարգացման նախարարությանը։
iLur.am-ի տեղեկություններով, առաջինի պարագայում աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը վերանվանելու է փոխվարչապետի, որում նշանակվելու է պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, երկրորդի պարագայում նախարարությունը լուծարվելու է:
Միևնույն ժամանակ, առաջարկվել է սոցիալական ապահովության նախարարությունը վերանվանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ֆինանսների նախարարությունը՝ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարություն, զբոսաշրջության վարչությունը՝ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության
վարչություն։
ԼՂՀ օրենսդիրներն ընդունել են «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Լուսանկարում՝ ԼՂՀ կառավարության շենքը
‘