‘
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը միանգամից մի քանի թոփ, գրանդ, հզոր… տարբերակները բազմաթիվ են, զույգեր կազմեց: Արդեն կարելի է վստահ լինել, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անեծքների եւ մեղադրանքների տարափ է տեղալու ՈւԵՖԱ-ի հասցեին, ում թեթեւ ձեռքով «Ռեալի» մրցակիցը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդը», թերեւս ամենաբարդը բոլոր հնարավորներից: Սա, անկասկած, 1/8-ի զարդն է խոստանում լինել: Ռոնալդուն իր նախկին թիմի դեմ, Ֆերգյուսոնն՝ ընդդեմ Մոուրինյոյի… ամեն ինչ հնչեղ է:
Պակաս «զարդոտ» չի խոստանում լինել նաեւ մեկ այլ ուշագրավ դիմակայություն. «Շախտյոր» — «Բորուսիա»: Չհաշված «Բարսելոնային», այս պահին Եվրոպայի երկու ամենադիտարժան ֆուտբոլ ցուցադրող կոլեկտիվները՝ հրաշալի խաղացողներով, թեթեւ, կոմբինացիոն ֆուտբոլով, մեծ ամբիցիաներով եւ իհարկե՝ Հենրիխ Մխիթարյանով: Ուշագրավ է, որ Մխիթարյանի հանդեպ «Բորուսիան» էլ էր ակտիվություն ցուցաբերում, այնպես որ այժմ գարնանը կարող է գնահատել լավագույն հայ ֆուտբոլիստի ունակությունները:
«Միլանի» բախտը չբերեց. նրան բաժին ընկավ «Բարսելոնան», ինչը հավասարազոր է մահապատժի:
Եթե մինչեւ գարուն Արսեն Վենգերը վերջապես խելքի բերի «Արսենալին», ապա միգուցե «Բավարիայի» հետ մրցավեճը նույնպես դառնա ամենասպասվածներից եւ դրամատիկներից մեկը: Իսկ այսպես, տվյալ պահին «Բավարիան» բացահայտ ֆավորիտ է:
«Յուվենտուսը» իր կամային հատկանիշների համար «պարգեւատրվեց» «Սելթիկով»: Չնայած սա ֆուտբոլ է, սա այն «Սելթիկն» է, որը «Բարսային» է հաղթել, բայց դժվար է հավատալ երկրորդ նման հրաշքին:
Մնացած երեք զույգերը, պետք է խոստովանել, պարզապես խամրում են մեր կողմից նշված զույգերի կողքին: Բայց, ունենք այն, ինչ ունենք:
Չեմպիոնների լիգա
1/8 եզրափակիչ
«Գալաթասարայ» — «Շալկե»
«Սելթիկ» -«Յուվենտուս»
«Արսենալ» -«Բավարիա»
«Շախտյոր» Դոնեցկ — «Բորուսիա» Դորտմունդ
«Միլան» -«Բարսելոնա» —
«Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
«Վալենսիա» — ՊՍԺ
«Պորտու» — «Մալագա»
‘