‘
Չեչնիայում հրատարակվող «Կադիրովի ուղին» թերթը փակել են այն բանից հետո, երբ թերթի թղթակիցը նախագահ Պուտինին «սադրիչ» հարց է տվել հինգշաբթի տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
Լրագրողուհի Բելքիս Դուդաեւան Պուտինի հարցրել է Չեչնիայում տիրող ընդհանուր վիճակի, մասնավորապես ռադիոկայաններից մեկի հեռարձակման կրճատման մասին:
Ներկայանալով, Դուդաեւան նշել է, թե հանդիսանում է «Կադիրովի ուղին» թերթի թղթակցուհին: Այս հայտարարությունը դահլիճում աշխուժություն է առաջացրել: Վլադիմիր Պուտինը նկատողություն է արել հավաքվածներին՝ նշելով, թե նման արձագանքը տեղին չէ: Նա պարզաբանել է, թե պարբերականը կրում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հոր՝ Ահմադ Կադիրովի անունը:
Մամուլի ասուլիսի ավարտից հետո հայտնի է դարձել, որ Ռամզան Կադիրովը կարգադրել է փակել թերթը, քանի որ լրագրողի հարցը «սադրիչ էր»: Բացի դրանից, ըստ նրա, անհրաժեշտ էր Կադիրովի անունով թերթ հիմնելուց առաջ հարցնել ընտանիքի կարծիքը:
Հետաքրքիր է, որ «Կադիրովի ուղին» սկսել է թողարկվել գրեթե մեկուկես տարի առաջ՝ 2011-ի օգոստոսից:
‘