‘4 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

924

Տոներից առաջ վերջին տուրը եվրոպական թոպ ազգային առաջնություններում սկսվեց շաբաթ-կիրակիից ավելի շուտ, Իսպանիայում՝ դեռևս հինգշաբթի, իսկ Իտալիայում և Ֆրանսիայում՝ ուրբաթ: «Սերիա Ա»-ում ընդանրապես կարող էր գրանցվել առաջին խաղաշրջանի ամենամեծ անակնկալներից մեկը, բայց Յուվեն երեկ կարողացավ «Կալյարի»-ի հետ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ և 4-րդ րոպեին խփած գոլերի շնորհիվ հաղթել: Իսպանական «Պրիմերա»-ում «Ատլետիկո»-ն դժվարությամբ կարողացավ հաղթել «Սելտա»-ին, իսկ ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ջախջախեց «Բրեստ»-ին:

Ձեզ ենք ներկայացնում այս շաբաթ և կիրակի օրերին տեղի ունենալիք առավել հետաքրքրիր հանդիպումների անոնսը, որից հետո միայն «Պրեմիեր լիգա»-ում` «Boxing day»-ի ընթացքում տեղի կունենա 3 տուր, իսկ մնացած առաջնություններում կհանգստանան մինչև հունվարի 5ը:

«Վալյադոլիդ» — «Բարսելոնա»

Շաբաթ, ժամը 21:00

«Մենք պետք է հաղթենք Տիտոյի համար»,- երեկ ասաց Սերխի Բուսկետսը: Պարզ է, որ նման կերպ է մտածում ոչ միայն Բարսայի հենակետայինը, այլև ամբողջ թիմը: Տիտոյի առողջական խնդիրների պատճառով Ռոսելը չեղյալ համարեց բոլոր տոնական միջոցառումները: Բարեբախտաբար, ինչպես կատալոնական մամուլն է հաղորդում, Վիլանովայի ուռուցքը արդեն հեռացրել են, և նա կկարողանա վերադառանալ աշխատանքի փետրվարի սկզբին: Իսկ մինչ այդ թիմը կգլխավորի Ժորդի Ռոուռան: Բարսան արդեն նմանատիպ պատմության միջով անցել է, երբ Աբիդալի լյարդի ուռուցքից հետո ամբողջ թիմը հավաքվեց և նվաճեց ՉԼ-ի և Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Այս անգամ բոլոր նախապայմանները կան նույնը կրկնելու: Ջուկիչի թիմը 2 շաբաթ առաջ ամեն ինչ արեց, որպեսզի հաղթանակ տանի «Ռեալ Մադրիդ»-ի նկատմամբ, բայց Պատրիկ Էլբերտի վնասվածքից հետո թիմի խաղը խամրեց, իսկ Օզիլը տուգանայինից 3 միավորը տարավ Մադրիդ: Գերմանացի եզրայինը բաց կթողնի նաև Բարսայի հետ հանդիպումը:

Ուշադրության է արժանի նաև Վալյենտե-Մեսսի հակամարտությունը, Բարսայի կանտերայի լավագույն պաշտպաններից մեկը, ով այդպես էլ չկարողացավ տեղ գտնել առաջին թիմում, կփորձի խանգարել Լեոյին, բարելավել իր ռեկորդային ցուցանիշները:

«Մալագա» — «Ռեալ Մադրիդ»

Շաբաթ, ժամը 23:00   

Ժոզե Մոուրինյոն ընդդեմ Մանուել Պելեգրինիի: Իսպանական որոշ լրատվամիջոցներ շտապեցին այն անվանել որպես «Մոուի դատավճիռը»՝ նկատի ունենալով այն, որ Մոուից առաջ «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչը կարող է հաղթանակի դեպքում Մոուի թիմի մրցաշրջանը վերածել է՛լ ավելի մեծ մղձավանջի, որը պորտուգալացին կարող է փրկել միայն՝ եթե նվաճի մադրիդցիների համար 10-րդ ՉԼ-ի գավաթը: Բայց եթե իրատես լինենք, «Մալագա»-ի սեփական հարկի տակ մադրիդցիների նկատմամբ 10-րդ հաղթանակը այս պահին ավելի իրատեսական է թվում:

Հանդիպումից առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը անմիջականորեն կարող է ազդել «Մալագա»-ի ֆուտբոլիստների տրամադրության վրա: ՈՒԵՖԱ-ն «Մալագա»-ին, ֆինանսական «ֆեյր փլեյ»-ի պահանջներով զրկեց, եվրոպական ևս 5 թիմերի հետ մեկտեղ, մասնակցել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերից մեկին, որին թիմը կորակավորվի հաջորդ 4 մրցաշրջաններից մեկում: «Մալագա»-ի գլխավոր տնօրեն Վիսենտե Կասադոն շտապեց հայտարարել, որ իրենց օգտագործում են որպես քավության նոխազ, և որ իրենք կբողոքարկեն նման որոշումը՝ վստահեցնելով, որ իրենց աշխատակիցների աշխատավարձերը ուշացնելը ակումբի վերակազմավորման աշխատանքների մի մասն էր կազմում:

«Ռոմա» — «Միլան»

Շաբաթ, ժամը 23:45

«Զեմանլանդիա»-ն, չնայած մայրաքաղաքում վայելող մեծ սիրուն, այդպես էլ չի կարողանում մոտենալ ՉԼ-ի գոտուն: Այս թիմերը 2 կամ 3 մրցաշրջան առաջ պայքարում էին «Սկուդետտո»-ի համար, իսկ այժմ մրցաշարային աղյուսակում հարևաններ են և զբաղեցնում են 6-րդ և 7-րդ տեղերը՝ համապատասխանաբար: Ալեգրիի սաների համար այս հանդիպումը կարևոր կլինի նրանով, որ նրանք կմրցեն ՉԼ-ի 1/8-րդում՝ իրենց բաժին հասած Բարսայի խաղաոճին մոտ գործող թիմի հետ, ովքեր ևս նախընտրում են գնդակ պահել, բայց այս մրցաշրջանում Զեմանի գլխավորությամբ խաղում են Բարսայից շատ ավելի «ուղիղ» ֆուտբոլ:

«Չելսի» — «Ասթոն Վիլլա»

Կիրակի, ժամը 19:00

Մեր կողմից առանձնացրած հանդիպումներից միակը, որը տեղի կունենա կիրակի օրը: Բենիտեսի թիմն իր առաջին հանդիպումը կանցկացնի աշխարհի ակումբային առաջնության` Յոկոհամայում տեղի ունեցած եզրափակչից հետո: Եւս մեկ առիթ «ազնվականներ»-ի երկրպագուների համար՝ հիշելու Դի Մատեոյի մասին և տարբեր վիրավորական արտահայտություններ վանկարկելու իսպանացու հասցեին: Բենիտեսի համար սա երևի թե վերջին հնարավորությունն է՝ «Չելսի»-ում նոր սկզբի, քանի որ «Boxing day»-ից հետո շատ բարդ կլինի որևէ ձևով փոխելու մրցաշրջանի տրամադրությունը:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Կրիշտիանուն մեր մոտ միգուցե վերադառնա 39 տարեկանում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը կոչ արեց բոլոր կուսակցականներին ու անկուսակցականներին միավորվել և հասնել ժողովրդի վերջնական հաղթանակին ‘